Ամենակարևոր խնդիրը դեռ լուծված չէ՝ քաղաքական դաշտում վերադասավորումների հարցը. քաղտեխնոլոգը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին
Այս պահի դրությամբ ընդդիմություն իսկապես չի երևում, ընդհանրապես ընդդիմություն չի երևում ամբողջ քաղաքական դաշտում, ինչը, կարծում եմ, բավականին խնդիրներ է առաջացնում: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով քաղաքական պատկերին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Նա գտնում է, ընդդիմության բացակայությունն ինչ-ոչ չափով բերելու է լճացման:
«Իմ տպավորությամբ՝ ՀՀԿ-ն չի մասնակցի, ՀՀԿ-ի վարքագիծը՝ կապված քաղաքապետի հրաժարականի հետ, ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն այս ընտրություններից հետ է քաշվում: Կարծում եմ՝ ՀՀԿ-ն պարզապես ցանկություն չունի ցածր ակնկալվող արդյունքն արձանագրելու, որովհետև նույնիսկ ժամանակ չունի ռեբրենդինգի, քանի որ ընտրությունները սեպտեմբերին են: Քանի որ քաղաքական ընդդիմություն դաշտում այս պահին գրեթե չկա, կարծում եմ՝ խնդիրներ են առաջանալու»,- ասաց նա:
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ քաղաքական լայնածավալ բանավեճ չի լինի, քանի որ քաղաքական ուժերը հիմնականում հայտարարել են, որ սատարում են ներկայիս կառավարությանը: Նա նաև նկատեց, որ Երևանի ավագանին քաղաքի տնտեսական, կառավարչական խնդիրներ է լուծում, բայց քանի որ քաղաքական ուժեր են մասնակցում, պետք է լինի քաղաքական ընտրություն: Քաղտեխնոլոգը սուր ընտրություն չի կանխատեսում՝ հաշվի առնելով նաև այն, որ առաջիկայում համապետական ընտրություններ են:
«Չեմ կարծում, որ այս պահին քաղաքական ուժերը կփորձեն ջրբաժաններ կառուցել իշխանության հետ, օրինակ՝ դառնան հակառակորդ: Ծրագիրը մեծ դեր է խաղալու՝ այն առումով, որ կոնկրետ այս կամ այն խնդիրների հետ կապված պետք է լինի հստակ մոտեցում, բնականաբար, ինչ-որ չափով կներառեն քաղաքական կոնտեքստներ: Այնուամենայնիվ, եթե ընտրություններն անցկացվում են այսքան արագ, կարծում եմ՝ այն ուժը, որն աջակցություն կստանա այսօրվա վարչապետից, ռեալ հնարավորություն ունի լիդեր դառնալու»,-նշեց Հակոբյանը:
Ինչ վերաբերում է «Ելք»-ի՝ Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ձևաչափին, քաղտեխնոլոգն ասաց, որ քաղաքական հաշվարկների, տեխնոլոգիաների տրամաբանությունից ելնելով՝ պետք է առանձին հանդես գնան:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժն առաձնին կգնա, կարող է նրան այլ ուժեր միանան, բայց ոչ արևմտամետ: Վիգեն Հակոբյանը, դատելով արվող հայտարարություններից ու իրադարձությունների որոշակի զարգացումներից, տպավորություն ունի, որ «Ելք»-ում ապագայի շուրջ բանավեճերը որևէ կոնկրետ արդյունքի չեն բերում, ավելին՝ կարծում է, որ ապագայի հետ կապված լուրջ տարակարծություններ ունեն:
«Քաղաքական առումով ավելի տրամաբանական կլիներ, եթե «Ելք» դաշինքի անդամ կուսակցություններն ընտրություններին գնային առանձին ցուցակներով: Անտրամաբանական կլիներ, որ պետության մեջ 2-րդ առաջնային մանդատ ունեցող ընտրություններում, որը նախերգանք է համապետական ընտրություններին, հանդես գան մեկ դաշինքով, իսկ համապետականում՝ոչ: Իսկ խորհրդարանական ընտրությունների հավանական եմ համարում, որ «Ելքը» հանդես չի գա մի դաշինքով: Բացի նրանից, որ բավականին լուրջ տարաձայնություններ կան ներսում՝ կապված քվոտավորման և այլնի հետ, նաև հասկանալի է, որ ՔՊ-ի քաղաքական կշիռը մեծացել է: Պակաս կարևոր չէ նաև այն, որ այն քաղաքական ուժերը, որոնք ներգրավված են «Ելք»-ում, այլ աշխարհագրական բևեռների են հարում: Եթե «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցություններն ընդգծված արևմտամետ են, ՔՊ-ն երբեք էլ առանձնապես այդ աշխարհաքաղաքական ուղղությունն անկյունաքարային չի համարել»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը:
Վերջինս անտրամաբանական է համարում այն, որ վարչապետի գլխավորած քաղաքական ուժը հանդես գա արևմտամետ ուժերի հետ դաշինքով այն պարագայում, երբ ամեն բան անում է, որ ՌԴ-ի հետ հնարավորինս քիչ խնդիրներ ունենա. «Այլ բան է, որ իրենք թե՛ ավագանու ընտրություններին, թե՛ խորհրդարանական ընտրություններին առանձին շարասյունով գնան, հետագայում գտնեն համագործակցությանը ձևաչափը, որը կարող է լինել կոալիցիա, համաձայնություն կամ համագործակցություն: ՀՀ պատմության մեջ նման դեպքեր շատ են եղել»,- շարունակեց Վիգեն Սարգսյանը:
Քաղտեխնոլոգը, խոսելով մասնակցության մասին հայտարարած ԲՀԿ-ի մասին, շեշտեց, թե ԲՀԿ-ի շանսերը կախված են մի քանի հանգամանքներից: Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ԲՀԿ-ն ամուր դիրքեր կարող է ունենալ, բայց ոչ այն դիրքը, որի հույսն ունի:
«Բնականաբար, բավականին պաշար ունեն, բայց շատ բան կախված է, թե ընտրություններն ինչ պայմաններում կանցնեն: Այսինքն՝ մի շարք գործոններ, որոնք ժամանակին ազդում էին, հիմա արդյո՞ք ակտուալ կմնան, խոսքը գնում է վարչական, ֆինանսական, այսպես կոչված՝ բարեգործության ռեսուրսի մասին: Եթե այս գործոնները չեզոքացվում են, ինչպես խոստանում է այս նոր իշխանությունը, ապա այդ պայմաններում ԲՀԿ-ն կունենա բավականին ամուր ձայներ, բայց դրանք չեն լինի այն ձայները, որի վրա ինքը հաշվարկներ է կառուցում»:
Հակոբյանին նաև չի զարմացնում արտախորհրդարանական ուժերի պասիվությունը: Նա արտախորհրդարանական ուժերի վարքագիծը կապում է նաև ընտրությունների անսպասելի կարճ ժամանակում լինելու հետ: Ըստ նրա՝ այս պահին քաղաքական դաշտում պայմանավորվածությունների փուլ է, ավելին՝ ոմանք սպասում են «Ելք»-ի ճակատագրին:
«ՀՀ-ում, ցավոք սրտի, նման մի ավանդույթ է ձևավորվել, որ քաղաքական ուժերը փորձում են նախ պայմանավորվել օրվա իշխանության հետ, առավել ևս հիմա, որ ոչ մեկ ընդդիմության դերը չի ստանձնել: «Ժառանգությունն» էլ դիմել էր Փաշինյանին՝ մեկ ճակատով հանդես գալու համար, քանի որ իրենք էլ են համարում, որ սա իրենց իշխանությունն է, ՀԱԿ-ն էլ բացահայտ չի ասում, բայց որոշակի մեսիջներ է ուղարկում: Բացահայտ ակտիվություն չկա, որովհետև փորձում են պայմանավորվել իշխանության հետ, որքան են իրենք հետաքրքիր իշխանությանը: Եթե իշխանությունը չի համաձայնում թևի տակ վերցնել, ապա ի՞նչ պետք է անեն: Ամենակարևոր խնդիրը դեռ լուծված չէ՝ քաղաքական դաշտում վերադասավորումների խնդիրը, քանի որ այն, եթե նույնիսկ սկսել է, շատ թույլ է սկսել, խոսքը նաև խորհրդարանական ուժերին է վերաբերում: Ամբողջ քաղաքական դաշտը փորձում է պայմանավորվել, եթե իշխանության հետ չի հաջողվում, ապա իրար հետ, որ խոշորանան, կշիռ ունենան: Իրենք էլ են հասկանում, որ առանձին-առանձին իրենք կշիռ չունեն ու գործոն չեն»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը: