Փելոսիի սկանդալային այցից հետո ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը ժամանել է Թայվան
ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը, սենատոր Էդ Մարկիի գլխավորությամբ, ժամանել է Թայվան, Twitter-ում հայտնել է կղզու արտաքին գործերի նախարարությունը։
«Փոխարտգործնախարար Յու Դալեյը ջերմորեն ողջունել է Թայվանի վաղեմի ընկեր սենատոր Մարկիին և նրա միջկուսակցական պատվիրակությանը», - ասվում է թվիթում:
Ակնկալվում է, որ կոնգրեսականները կհանդիպեն Թայվանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Թայվան հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը, առևտուրն ու ներդրումները, համաշխարհային մատակարարման շղթաները, կլիմայի փոփոխությունը և այլ կարևոր հարցեր:
Իրավիճակը Թայվանի շուրջ սրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցից հետո՝ նա դարձել է ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որն այցելել է կղզի վերջին 25 տարում։ Սա, բնականաբար, առաջացրել է պաշտոնական Պեկինի զայրույթը:Արդյունքում՝ կղզի այցելելը խթանել է Թայվանի նեղուցում լարվածության նոր փուլ։ Չինական բանակը զորավարժություններ է անցկացնում Թայվանի ափերի մոտ, բացի այդ, Պեկինը պատժամիջոցներ է կիրառել Փելոսիի, նրա հարազատների և թայվանական երկու հիմնադրամների նկատմամբ և այլ միջոցներ է ձեռնարկել։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Փելոսիի այցի բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունը դրել է Վաշինգտոնի և Թայպեյի վրա։ Չինաստանը չի ճանաչում Թայվանի ինքնիշխանությունը, այն համարում է իր նահանգը և կտրականապես դեմ է Թայպեյի և այլ երկրների պաշտոնյաների ու զինվորականների միջև ցանկացած շփումների։