Մինչև ՀՀ գալը՝ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՄԹ-ում՝ մասոնական օթյակի, Լորդերի պալատի, վարչապետի և թագուհու հետ. Հայկ Կիրակոսյան
Հավատացնում եմ, որ ՀՀ 4-րդ նախագահի՝ ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը մինչև Հայաստանում հանդիպումների շարք սկսելը նմանատիպ հանդիպումներ է ունեցել Բրիտանիայում՝ տարբեր օղակների հետ: Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար, PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանը:
«Այսօր շրջանառվում է մասոնական օղակների հետ կապի մասին լուրերը, ինչպես ժողովուրդն է ասում՝ առանց կրակ ծուխ չի լինում: Անպայման հանդիպումներ են եղել և՛ մասոնական օթյակի ներկայացուցիչների, և՛ բրիտանական Լորդերի պալատի, և՛ վարչապետի, և՛ թագուհու հետ՝ իր գործի բերումով, հատկապես այն կոնտեքստի մեջ, որ գալիս է և Հայաստանի նախագահի՝ ամեն դեպքում երևացող պաշտոնն է զբաղեցնելու: Թեկուզ ասում են, որ նոր նախագահի ֆունկցիաները քիչ են»,- նշեց Հայկ Կիրակոսյանը:
Նրա կարծիքով՝ Արմեն Սարգսյանի՝ Բրիտանիայի հետ կապը ՀՀ արտաքին քաղաքականությունում նոր և բավականին հետաքրքիր վեկտոր է, որն ըստ Հ. Կիրակոսյանի՝ Հայաստանի համար կարող է երկակի ազդեցություն ունենալ. մի կողմից տնտեսական առումով լավ լինել, մյուս կողմից որոշակի արժեհամակարգերի, կարևոր սկզբունքների նահանջի առումով կարող է վատ լինել:
Այժմ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի՝ ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստանում տարբեր հանդիպումներ է անցկացնում խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, գործարար շրջանակների, աշխատավորական շրջանակների հետ:
Ըստ PR խորհրդատուի՝ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպումերի շարքը հայկական իրականության մեջ նորություն է, բայց այն եվրոպական, հատկապես բրիտանական գործելաոճին շատ հարիր է: Նրա տեղեկացմամբ՝ ՄԲ-ում ընդունված պրակտիկա է նախընտրական շրջանում հանդիպել և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական, և՛ գիտական, և՛ գործարար օղակների հետ՝ որոշակի կամուրջներ գցելու կամ դրական նախատրամադրվածություն շահելու համար:
«Ինչպես տեսնում ենք՝ ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ բավականին ջերմությամբ են իրեն ողջունում, բավական ոգևորությամբ, և դա կարող է պայմանավորված լինել երկու հիմնական գործոններով՝ առաջինը, որ ընդդիմադիր ուժերը սեփական թեկնածու առաջադրելու և անցկացնելու ռեսուրս չունեն, երկրորդ. ուղղակի այդ համակրելի վերաբերմունքը կա 4-րդ նախագահի թեկնածուի նկատմամբ»,- նկատեց նա:
Հայկ Կիրակոսյանի կարծիքով՝ հասարակական տարբեր խմբերի հետ հանդիպումները, բացի դրական նախատրամադրվածությունից, մտահոգություններ լսելու նպատակ ունեն: Նրա խոսքով՝ արտասահմանյան պրակտիկայում նախագահի խոսքը կառուցվում է ժողովրդից դեպի նախագահին ուղղված նամակների մոնիթորինգի հիման վրա:
«Օրինակ՝ տարեկան մի քանի միլիոն նամակ է գալիս, դա մուտք է արվում համակարգիչ, դրանից հանվում են առանցքային խնդիրները և հետո արդեն դրվում նախագահի բերանը՝ ելույթի, տեքստի տեսքով: Այս պարագայում էլ կարևոր է հասկանալ, թե ինչ գերակա խնդիրներ կան՝ տնտեսությունն է, բանակն է, կրթությունն է և այլն: Շատ շահեկան կլինի արդեն վաղը, մյուս օրը հեռուստաեթեր գնալու կամ ավելի բարձր ամբիոններից ելույթ ունենալու համար»,- ասաց նա:
Ընդհանուր առմամբ, PR խորհրդատուն դրական է գնահատում Արմեն Սարգսյանի հանդիպումների շարքը, նկատելով, որ օրեցօր նոր դրական հատկանիշներ են ի հայտ գալիս ՀՀ 4-րդ նախագահի՝ ՀՀԿ-ի թեկնածուի գործողություններում:
«Իհարկե, նա կիրթ անձնավորություն է, ներկայանալի մարդ է, բայց ավելի ուշ նկատեցի, որ Արմեն Սարգսյանը բավականին լուրջ կամային գծեր ունի, դա որոշակի տեսանյութեր դիտելուց հետո պարզ դարձավ: Սրանք արժանիքներ են, որ մեր քաղաքական մշակույթը կբարձրացնի մի հարթակ վերև: Ամեն դեպքում, նա քուչից ծնունդ առած քաղաքական գործիչ չէ, որոնցով համալրված են տարբեր պետական կառույցները: Այժմ ուզեն, թե չուզեն, իրեն էլ պետք է հարմարվեն, իսկ դա նոր մշակույթ է մեր քաղաքական դաշտի համար»,- ասաց Հայկ Կիրակոսյանը:
