«Եթե Մանբիջի հարցում ԱՄՆ-ի հետ համաձայնության չգանք՝ միևնույն է, Թուրքիան իր որոշումը կայացրել է». Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ եթե նույնիսկ իրենց չհաջողվի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողության հարցում՝ Թուրքիան իր որոշումը կայացրել է և շատ վճռական է դրա իրագործման հարցում:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Բոզդաղը նշել է, որ որոշակի արդյունքներ թուրք-ամերիկյան բանակցություններն արդեն տվել են, սակայն մանրամասներ ներկայացնել չի ցանկացել:
«Իհարկե, որոշակի արդյունք արձանագրվել է, այստեղից մանրամասները չեմ բացահայտի: Սակայն ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է: Թուրքիան Մանբիջում չի հանդուրժի ո՛չ քուրդ, ո՛չ իսլամիստ ահաբեկիչների: Մենք սա հստակ կերպով հաղորդեցինք նաև մեր դաշնակիցներին: ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում հանդիպումներ պետք է ունենա այս թեմայով, և դրանից հետո պարզ կլինեն արդյունք տված կամ չտված բանակցությունների մանրամասները», - ասել է Բոզդաղը:
Նա նաև շեշտել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն այժմ ակնհայտ խնդիրներ ու տարաձայնություններ ունեն և միմյանց հանդեպ վստահության հարցում խորը ճգնաժամ են ապրում:
«Ակնհայտ է, որ «փոխադարձ վստահության ճգնաժամ» ենք վերապրում, ակնհայտ է, որ կան խնդիրներ: Լարվածությունը նվազեցնելու միակ ճանապարհը Թուրքիային տրված խոստումների իրագործումն է»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
Ավելի վաղ ամերիկացի զինվորներին Մանբիջից դուրս հանելու կոչեր էր հղել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ինչին ի պատասխան Պենտագոնից հայտնել էին, որ նման մտադրություն չունեն:
