Քուրդ զինյալները պետք է դուրս գան Մանբիջից, իսկ թուրք և ամերիկացի զինվորներն՝ այնտեղ տեղակայվեն միասին. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) զինյալները պետք է հետ քաշվեն Մանբիջից, իսկ թուրք և ամերիկացի զինվորականները՝ միասին ապահովեն տեղի անվտանգությունը:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, ըստ Չավուշօղլուի՝ հենց այս ծրագրի իրականացման առաջարկն է թուրքական կողմը հղելու ԱՄՆ-ին մարտի 19-ին Վաշինգտոնում իր մասնակցությամբ կայանալիք բանակցություններին:
«Հանդիպմանը, իհարկե, կարող են տարակարծություններ լինել, սակայն ներկայում քննարկումները գնում են հենց այս ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ լավատես է վաշինգտոնյան հանդիպումից և ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի:
«Կարծում եմ, որ կկարողանանք պայմանավորվել ԱՄՆ-ի հետ: Եթե մանբիջյան այս ձևաչափն իրականություն դառնա՝ իր դրական ներդրումը կունենա նաև մեր երկու երկրների հարաբերություններում»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ հակառակ դեպքում թուրք-ամերիկյան հարաբերությունները զգալի կտուժեն:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
