«Երկիր Ծիրանին» առաջարկում է Երևանում տեղադրել Մարտի 1-ի զոհերի հուշարձան
Ընդդիմադիր խմբակցության նախագիծն արդեն իսկ քննարկվել է քաղաքապեետարանի մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ու ընդգրկվել ավագանու մարտի 19-ի նիստի օրակարգում։
Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով, 10 տարի առաջ` նախագահական ընտրություններից հետո մայրաքաղաքի փողոցներում ճնշվեց ժողովրդի արդար ցասումը, և հուշարձանի տեղադրումը «պատասխան է բռնության և անպատժելիության դեմ»․ - «Տարիներ շարունակ այդ մտահղացումը ես ունեցել եմ, բայց հիմա, լինելով Երևանի իշխանության ներկայացուցիչ, ես պարտավոր էի դա իրականություն դարձնել և նման նախաձեռնությամբ հանդես եկա: Եթե մենք կարողացել ենք առաջին բոլշևիկին հեռացնել մեր հրապարակից, ապա մենք պետք է նաև դատապարտող հուշարձան ունենանք, որը դատապարտում է այս 25-ամյա բռնակալությունը»:
Հուշարձանի տեղադրման համար լավագույն վայրը, ըստ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի, Մյասնիկյանի արձանի հետամասում գտնվող պուրակն է, որն այժմ բարեկարգվում է: Զարուհի Փոստանջյանի կարծիքով, Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը քաղաքային բյուջեի վրա 0 դրամ կարժենա․ թե՛ դրա նախագծումը, թե՛ տեղադրումը կիրականացվի դրամահավաք կազմակերպելու միջոցով․ - «Մենք ունենք այդպիսի նույնիսկ համաշխարհային կարգի արվեստագետներ, ովքեր առանց որևէ գումարի կստանձնեն այդ պարտականությունը և կնախաձեռնեն այդ հուշարձանի և՛ կառուցումը, և՛ տեղադրումը»:
Նա, սակայն, շեշտում է, որ այս ամենի իրագործման համար նախ և առաջ քաղաքական որոշում է պետք։ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հուշարձանով հավերժացնելու գաղափարը արդեն իսկ երկու բևեռի է բաժանել ավագանու մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Ելքը»: Իսկ մեծամասնության կազմող Հանրապետականի անդամները միաձայն դեմ են քվեարկել դեռ հանձնաժողովի նիստի ժամանակ։
Փոստանջյանի խոսքով, Տարոն Մարգարյանի թիմակիցները կոչ են անում հետընտրական արյունալի իրադարձությունները խորհրդանշող հուշարձանը փոխարինել դրական հույզեր առաջացնող հրեշտակների կերպարներով․ - «Այստեղ հասկանալի է, որ Երևանի ավագանին շատ հեռու է քաղաքական մարմին լինելուց, քաղաքացի դաստիարակելուց, այդ գործառույթների ներքո գործելուց»:
