Հնարավոր է՝ անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը հուլիսի մեկից իջեցվի, իսկ Ռուսաստանի հետ գազի պայմանագիրը մինչև տարվա վերջ թարմացվի․ նախարար (տեսանյութ)
Վարչապետին զեկուցել եմ, որ այսօրվա իրավիճակում ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագին վերանայելու դեպքում գոյություն ունեն մի շարք ռիսկեր, պետք է հաշվի առնենք դրանք և գնահատենք մեր հնարավորությունները, որից հետո վերանայենք էլեկտրաէներգիայի սակագինը:
Այս մասին ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, «Ծառուկյան դաշինք»-ի քվոտայով պաշտոնը ստանձնած Արթուր Գրիգորյանը:
«Քննարկումների արդյունքում պարզվել է, որ կարող ենք անապահով ընտանիքների համար, որոնք 10 000-15 000 են (կճշտվի այդ թիվը), էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնել 10 դրամով»,- ասաց նա:
Նախարարը լրագրողների՝ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման մասին բոլոր հարցերին, այդ թվում՝ թե հնարավոր է, որ բոլոր քաղաքացիների համար սակագինը իջեցվի, պատասխանեց՝ այդ հարցով պետք է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Անապահով ընտանիքների համար սակագինը իջեցնելու իրենց առաջարկությունը, ըստ Արթուր Գրիգորյանի, քննարկել են ՀԷՑ-ի հետ:
«Դա ՀԷՑ-ի հետ բանակցությունների արդյունքում է արվել: ՀԷՑ-ը պարտավորվել է իր շահույթի հաշվին, առանց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ քննարկման,նվազեցնել սակագինը»,- ասաց նա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ եթե վերջնական որոշում կայացվի՝ հնարավոր կլինի սակագինը իջեցնել հենց հուլիսի 1-ից:
Գրիգորյանը նշեց, որ էներգահամակարգում եղած ռիսկերի մեջ չեն բացառվում, որ կլինեն նաև կոռուպցիոն ռիսկեր, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ սակագնի վրա:
«Ինձ թվում է, որ համապատասխան մարմինները կզբաղվեն դրանցով: Մենք էլ կզբաղվենք, եթե դա մեր իրավասությունների շրջանակում լինի»,- ասաց նա: Նախարարը չբացառեց նաև, որ նման ռիսկերի բացահայտման դեպքում ընդհանրապես էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվի:
Նախարարը էներգահամակարգում ամենալուրջ ռիսկերից համարեց ատոմակայանի գործունեության դադարեցումը: «Այսինքն՝ ՀՀ-ում ամենաէժան էներգիա արտադրող կայանն այս պահին չի գործում: Հիմա սա ռի՞սկ է, թե՞ ոչ: Հիմա մենք ասում ենք՝ աննախադեպ գործընթաց է սկսվել, ատոմակայանի աշխատանքի մեկ օրվա ուշացումը մեզ վրա նստում է 220 միլիոն դրամ: Ուստի այդ պայմաններից ելնելով՝ սակագնի վերանայման հետ կապված մեր տեսակետը կներկայացնենք տարվա վերջին»,- ասաց նա:
Նախարարը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև գազի գնի պայմանագրի մասին իր դիտարկումներին: «Պայմանագիրը տարվա վերջին պետք է թարմացվի, և նոր պայմաններով պետք է տեղի ունենան քննարկումներ: Գազի գնի վերաբերյալ քննարկումները կսկսվեն նոյեմբերին, երբ կունենանք առաջարկություններ, ձեզ կներկայացնենք»,- ասաց նա:
Հարցին, թե եթե Ռուսաստանը բարձրացնի գազի սակագինը, հնարավո՞ր է՝ Իրանից գազ գնենք, նախարարը պատասխանեց. «Եթե գնա նման քայլի, ամեն ինչ էլ հնարավոր է անենք, որ գնենք էժան գազ»:
