Նոյեմբերի 24-ին Էյֆելյան աշտարակը ցույցերի պատճառով փակ կլինի այցելուների համար
Շաբաթ՝ նոյեմբերի 24-ին, Էյֆելյան աշտարակը փակ կլինի այցելուների համար, ինչը պայմանավորված է Փարիզում «դեղին բաճկոնների» ցույցերով: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Էյֆելյան աշտարակի պաշտոնական թվիթերյան էջին:
«Մարսյան դաշտում անցկացվելիք ցույցերի պատճառով շաբաթ՝ նոյեմբերի 24-ին, ես փակ կլինեմ այցելությունների համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտնի է, որ շաբաթ Փարիզի տարբեր հատվածներում ցուցարարները զանգվածային ցույցեր կանցկացնեն: Սպասվում է, որ մայրաքաղաք կժամանկի շուրջ 30 հազար ֆրանսիացի: Քաղաքի փողոցներում անվտանգությունը կապահովի մոտ երեք հազար ոստիկան ու ժանդարմ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բենզինի գնի աճի և հարկերի բարձրացման դեմ բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 287 000 մարդ: Ֆրանսիացիները դեմ են իշխանությունների՝ 2019-ին դիզելային վառելիքի և բենզինի հարկերը բարձրացնելու որոշմանը: Փարիզն այս քայլը մեկնաբանել է որպես պայքար օդի աղտոտվածության դեմ և հայտարարել է, որ մտադիր չէ փոխել հարկերի բարձրացման մասին որոշումը: