ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում նախկինում էլ փլատակներ չեն եղել, եղել են խնդիրներ, մեր գործն է լուծել դրանք. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված Ռուբեն Ռուբինյան չի կարծում, թե իր աշխատանքն էական կտարբերվի նախորդ գումարման ԱԺ-ի համապատասխան մշտական հանձնաժողովի աշխատանքից։ Tert.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ ունի առաջնահերթ 3 ուղղություն՝ խորհրդարանական դիվանագիտություն, խորհրդարանական վերահսկողություն, խորհրդարանական լսումների ակտիվացնում։ Նա ընդունում է, որ նոր իշխանությունների արտաքին քաղաքական ուղղությունները չեն փոխվել, բայց վստահեցնում է՝ փոխվել է փիլիսոփայությունը։ Ըստ նրա՝ այսօր ՀՀ արտաքին քաղաքականության մեջ կարևորվում է ՀՀ պետական շահը, և նոր իշխանությունները կաշկանդված չեն ինչ-որ բիզնես կամ այլ տիպի ոչ պետական շահերով։
- Պարո՛ն Ռուբինյան, Դուք ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն եք։ Ձեր աշխատանքները տարբերվելո՞ւ են նախորդ գումարման ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի աշխատանքից։
- Ելույթումս, ըստ էության, արդեն ներկայացրել եմ իմ պատկերացումներն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ։ Հիմնական 3 ուղղությունը, որ կառանձնացնեմ, խորհրդարանական դիվանագիտությունն է, խորհրդարանական վերահսկողությունն է, խորհրդարանական լսումների ակտիվացումն է։ Չեմ կարծում, որ մեր գործառույթներն էական կտարբերվեն նախորդ գումարման ԱԺ-ի համապատասխան հանձնաժողվի աշխատանքից։
- Երբ դեռ քաղաքական ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր էր, և այդ ժամանակ ասվում էր, որ ՀՀԿ-ն գոնե արտաքին քաղաքականության մասով բավականին հաջող է, նա հակադարձում էր, որ Սերժ Սարգսյանը տապալել է ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Բայց դուք շարունակում եք նախկին իշխանությունների գիծը, ի՞նչ ունենք այսօր, որ չունեինք երեկ։
- Նախ ուզում եմ ասել, որ, թեև հեղափոխությունից հետո արտաքին քաղաքական վեկտորներն էականորեն չեն փոխվել, դա չի նշանակում, որ արտաքին քաղաքականության վարման ձևը չի փոխվել։ Այսինքն՝ մեր առաջնահերթությունները, այն հիմնական ուղղությունները և կազմակերպությունները, որտեղ ՀՀ–ն ներգրավված էր, չեն փոխվել, բայց փոխվել է մեր արտաքին քաղաքականության վարման փիլիսոփայությունը։ Հիմա արտաքին քաղաքականություն վարելիս առաջնային է ՀՀ պետական շահը, և նոր իշխանությունները կաշկանդված չեն ինչ-որ բիզնես կամ այլ տիպի ոչ պետական շահերով։ 2-րդ կարևոր տարբերությունն այն է, որ մենք որդեգրել ենք մի փիլիսոփայություն, որով բացառվում է ժողովրդի մեջքի հետևում կտրուկ որոշումներ կայացնելու պրակտիկան։ Ընդհանրապես, արտաքին քաղաքականությունը երկար պրոցես է, և մենք ստեղծել ու շարունակում ենք ստեղծել նախադրյալներ, որպեսզի Հայաստանը հաջողություններ գրանցի այդ ուղղություններում։
- Իսկապե՞ս ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում փլատակներ էին, թե իշխանության գալով, արտաքին քաղաքական գերատեսչությունում աշխատելով՝ հասկացաք, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։
- Նախ ես չեմ կարծում, որ փլատակներ էին, երբեք փլատակներ չեն եղել, կարծում եմ, որ եղել են խնդիրներ արտաքին քաղաքական ուղղության մեջ։ Հիմա մեր գործն է լուծել այս խնդիրներ։
- Այսօր խնդիրներ կան ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի վավերացման հետ կապված՝ ԵՄ անդամ երկրների խորհրդարաններն այն չեն վավերացրել։ Ինչո՞ւ չի վավերացվել, ներքին խնդիրնե՞րն էին խանգարում։
- Այնպես չէ, որ պետք է ինչ-որ մի ժամկետում վավերացվեր, սակայն չի վավերացվել, դա շարունակական պրոցես է, քանի որ այն պետք է վավերացվի ԵՄ անդամ բոլոր պետություններում, դա ժամանակ է պահանջում։ Այստեղ կա նաև եվրոպական ընտրությունների գործոնը, որը կարող է որոշակիորեն դանդաղեցնելը պրոցեսը։ Ամեն ինչ ընթանում է նորմալ։ Կարծում եմ` խորհրդարանը ներդրում կունենա, որ գործընթացն արագանա։
- Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ՀՀ-ին պետք է ոչ միայն «և– և»-ի քաղաքականություն, այլ բազմաթիվ «և»-երի քաղաքականություն։ Սակայն այսօր էլ տեսնում ենք, որ միայն շարունակում ենք համագործակցել ՌԴ-ի ու ԵՄ-ի հետ։ Այլ ո՞ր երկրների հետ եք փորձում խորացնել հարաբերությունները։
- Բոլոր ուղղություններով էլ փորձ է արվում, սակայն արտաքին քաղաքականությունը երկար գործընթացն է, այն, գուցե, ընթացքում կոնկրետ իրադարձություններով հագեցած չի լինում, բազմաթիվ մասեր տեսանելի չեն լինում։ Սա գործընթաց է, և մենք ունենք հստակ առաջնահերթություններ։ Բնական է, որ ամենատեսանելին հարաբերություններն են ՌԴ-ի ու տարածաշրջանի մյուս պետությունների, ինչպես նաև Եվոպական ուղղությամբ հարաբերութունները, սակայն դա չի նշանակում, որ աշխատանքներ չեն տարվում այլ ուղղություններով։ Մասնավորապես, ես կարծում եմ, որ մենք պետք է մեր աշխատանքներն ակտիվացնենք ամերիկյան ուղղությամբ, մեր անմիջական հարևաններ Իրանի ու Վրաստանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նաև եվոպական պետությունների հետ առանձին-առանձին։
- Ձեր քաղաքական ուժի առաջնորդը շատ էր քննադատում ՀՀ-ի՝ ՌԴ-ի հետ հարաբերություններ խորացումը՝ նկատելով, որ ՀՀ զարգացումը հետ է ընկնում, անգամ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ է արել, բայց վարչապետ դարձավ ու հայտարարեց, որ ՀՀ-ՌԴ բացառիկ հումանիտար ծրագիր է իրականցնելու, որն, ի դեպ, չի եղել։
- 2 փաստական սխալ թույլ տվեցինք Ձեր հարցում, քանի որ մեր քաղաքական ուժը երբեք չի քննադատել Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, մեր քաղաքական ուժը քննադատել է արտաքին քաղաքականության մեջ բավարար բալանսավորվածություն չապահովելը։ 2-րդ մեր քաղաքական ուժը երբեք նախաձեռնություն չի բերել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, եղել է « Ելք» խմբակցությունը։
- Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավարն էր։
- «Ելք» խմբակցության նախաձեռնությունն է եղել, ընդ որում` ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, այլ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարություն ընդունելու։ Մենք հեղափոխության ընթացքում և դրանից հետո հայտարարել ենք, որ շարունակելու ենք մնալ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ։
Մանրամասները՝ տեսանյութում։
