Լարսին այլընտրանք գտնելն օրակարգում է, տարբեր մարդկանց հետ ենք հանդիպել, կան նաև ներդրողներ․ Արմեն Փամբուխչյան (տեսանյութ)
Գործադիրից օրենսդիր անցնելու որոշումը եղել է թե՛ քաղաքական, թե՛ անձնական։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։
Ըստ նրա՝ քաղաքական հաշվարկների արդյունքում որոշել են, որ ավելի լավ կլինի, որ իր փորձը կիրառի ԱԺ-ում։ Նրա խոսքով՝ փոխնախարար եղած ժամանակ ինքը հասցրել է առանձնացնել խնդիրներ, որոնք որպես խորհրդարանական կփորձի կարգավորել։
«Տրանսպորտի մասով 3-4 նախագծեր կան, որոնք պետք է վերամշակվեն կամ լրացվեն, քանի որ հին օրենքներ են։ Մասնավորապես տրանսպորտի մասին օրենքը, եթե չեմ սխալվում, 2006 թ․-ին է ընդունվել, ունի արդիականացման խնդիր, տաքսու մասին օրենքը, գազաբալոնային օրենքը, այսինքն՝ մի շարք խնդիրներ կան, որոնք պետք է արդիականացվեն, նաև համապատասխանեցվեն միջազգային կառույցների հետ կնքած համաձայնագրերին»,- ասաց նա։
Անդրադառնալով բուն ոլորտային խնդիրներին և հարցին՝ արդյո՞ք Լարսին այլընտրանք ունենալու խնդիրը Տրանսպորտի նախարարության օրակարգում է՝ Փամբուխչյանը պատասխանեց, թե եղել ու մնում է օրակարգում։
«Ավելին ասեմ՝ վերջին 8 ամսվա ընթացքում տարբեր մարդկանց հետ ենք հանդիպել, որպեսզի ծովային ճանապարհով կատարենք այլընտրանք, ինչպես նաև զարգացնենք երկաթուղային բեռնափոխադրումները։ Կարծում եմ՝ շուտով ընդհանուր եզրեր կգտնենք, թե ինչպես կարող ենք գոնե բեռնափոխադրումների մասով Լարսին տալ այլընտրանք։ Խոսքը գնում է Փոթի -Նովոռոսիսկ կամ Փոթի-Կովկաս, այսինքն՝ կոնտեյների կամ լաստանավի միջոցով»,- ընդգծեց Փամբուխչյանը։
Դիտարկմանը, որ այս գաղափարն ասել է նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն այն կյանքի չի կոչվել, կան արտաքին աշխարհի հետ խնդիրներ, նա արձագանքեց, թե այս պահին այն, ինչ ձեռնարկել է իրենց իշխանությունը, որևէ խնդրի չի բախվել։
«Մենք խնդրի չենք բախվել ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Վրաստանի հետ։ Չեմ ցանկանում շատ փակագծեր բացել, բայց կան մարդիկ, որոնք այդ բնագավառում ուզում են ներդրում անել՝ մեր բեռնափոխադրողներին Լարսին այլընտրանք տալով»։
Ըստ նրա՝ ներդրողները հայազգի գործարարներ են, որոնք գործարարությամբ են զբաղվել արտերկրում։
Մանրամասները՝ տեսանյութում։
