Չկա որոշում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թ.-ի հունվարի 1-ից նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը. Աննա Նաղդալյան
Մենք կարող ենք միայն ենթադրել, ոչ թե պնդել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 2020 թ.-ի հունվարի 1-ից նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը, որովհետև չկա համապատասխան որոշում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Երբ լինի նման որոշում, միայն այդ ժամանակ մենք կարող ենք պնդել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան դրա հետ կապված»,- նշեց նա:
Խոսնակն ասաց, որ ՀԱՊԿ-ը ներկայացնում է անդամ-պետությունների շահերը, իսկ գլխավոր քարտուղարը այդ պետություններին սպասարկող քարտուղարության վարչական ղեկավարը, ով պատասխանատու է, որ ապահովվի անխափան բնական գործունեությունը, գործող մարմինների աշխատանքը: «Մենք գլխավոր քարտուղարի թեկնածությունը գնահատում ենք այն առումով, թե որքանով է նա կարողանում կառավարել: Որոշումը կայացվում է միայն կոնսենսուսի հիման վրա»,- ասաց նա:
Նաղդալյանն ասաց, որ հաջորդ ռոտացիոն կարգը սկսվում է 2020թ.-ի հունվարի 1-ից՝ այբբենական կարգի համաձայն:
