Զոհրաբ Մնացականյանը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ նիստին, որտեղ քննարկվելու է գլխավոր քարտուղարի նշանակման հարցը
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Բիշքեկ, որտեղ տեղի կունենա ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցրերը, այն հարցերը, որոնք առնչվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերին, որոնք ուղված են իրավական բացի լրացմանը»,- նշեց խոսնակը:
Նաղդալյանը նաև հայտնեց, որ առաջիկայում Հայաստան կայցելի Չինաստանի ԱԳ նախարարը, որի շրջանակում կստորագրվեն փաստաթղթեր:
Խոսնակն ասաց, որ մայիսին տարածաշրջանային այց են կատարելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարները:
Աննա Նաղդալյանը նշեց նաև, որ մայիսի 12-ին լրացել էր Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակը: Նա ասաց, որ այս առնչությամբ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ հրադադարի հաստատման շուրջ համաձայնագրի կնքումը ցույց տվեց, որ կառուցողական բանակցային գործընթացում բոլոր կողմերի ներգրավումը հնարավորություն է տալիս հասնել շոշափելի արդյունքների:
Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ հունիսին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը:
