Ամբոխավարության միտում է նկատվում. իշխանության մեկ ճյուղը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը. սահմանադրագետը՝ վարչապետի գործողությունների մասին
Հայաստանում ստեղծված իրավիճակը սահմանադրական խորը ճգնաժամի հետևանք է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործին, դատարանների շրջափակմանը, ինչպես նաև Հայաստանում գործող բոլոր դատավորներին «վեթինգի» ենթարկելու վերաբերյալ ՀՀ վարչապետի պահանջին:
«Չի՛ կարելի Սահմանադրությունը որպես տեխնիկական փաստաթուղթ գրել և դրանով հանդերձ չստանձնել դրա համար պատասխանատվություն: Հիմա մենք տեխնիկական փաստաթղթի հետևանքով ունենք իշխանության երեք թևեր, որոնք մեկը մյուսից անջատ են և մեկ ամբողջի բաղկացուցիչ են»,- ասաց նա:
Վարդան Այվազյանը նշեց, որ ամբոխավարության միտում է նկատվում: «Իշխանության մեկ ճյուղ կամ հասարակության որոշ հատված փորձում է հանրության զայրույթն օգտագործելով իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը»,- ասաց նա և նշեց, որ դա բխում է վարչապետի խոսքերից։
Նա անթույլատրելի համարեց դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու ակցիան, քանի որ դատարանները պետք է ապաքաղաքական լինեն։ Այդուհանդերձ, Վարդան Այվազյանը նշեց, որ երեկվա ակցիան սահմանադրական կարգի տապալում ճիշտ չէ համարել:
«Եթե այդ կոչն աներ ընդդիմության ներկայացուցիչը, նա և ակցիայի մասնակիցներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեին պատասխանատվության, իսկ այս դեպքում վարչապետն է կոչ արել, որին սատարել է Ոստիկանությունը»,-ասաց նա:
Սահմանադրագետն այս համատեքստում կարևորեց ՀՀ նախագահի դերակատարությունը: Tert.am-ի հարցին, թե այդ համատեքստում համարժեք է գործում ՀՀ նախագահը՝ հաշվի առնելով իր հայտարարությունը, նա ասաց. «Կոչ անենք նախագահին նման խնդիրների լուծման մեջ ունենալ խորը և ակտիվ դերակատարություն, նրա հայտարարությունը չի կարող խնդրի լուծում հանդիսանալ, դա ամորֆ հայտարարություն էր»:
Ինչ վերաբերում է Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորի կողմից քննությունը կասեցնելու և ՍԴ դիմելու քայլին, որպեսզ պարզի մեղադրանքի հիմքում ընկած հոդվածի սահմանադրականությունը, Վարդան Այվազյանը չհամաձայնեց, որ դա խորամանկ քայլ է:
Ըստ նրա մեղադրանքը՝ իրավական նորմի իրավական որոշ չափանիշների չի համապատասխանում, ամորֆ, լղոզված շարադրանք ունի: «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց եթե պետք է լինի տեքստի տեխնիկական փոփոխություն, ապա դրական ակնկալիք չենք կարող ունենալ»,-ասաց նա:
