Ռուսաստանյան ևս երկու քաղաքներում են դադարեցրել եկեղեցիների կառուցումը
Չելյաբինսկի քաղաքապետ Վլադիմիր Ելիստրատովն ասել է, որ Հարավուրալյան պետական համալսարանին հարող այգում եկեղեցի կառուցելու ծրագիրը սառեցվել է:
«Պետք է հաշվի առնել Եկատերինբուրգի պատմությունը, եկեղեցի չի կառուցվի, քանի դեռ չգիտենք բնակիչների կարծիքները», - ասել է քաղաքապետը:
Կրասնոյարսկի քաղաքապետ Սերգեյ Երյոմինն էլ է կասեցրել ուղղափառ եկեղեցու կառուցումը քաղաքային այգում:
Եկատերինբուրգում հանրային այգում եկեղեցի կառուցելու նախաձեռնությունը բողոքի ակցիաների առիթ է դարձել:
Քաղաքի իշխանությունները և Ռուս ուղղափառ եկեղեցին ցանկանում էին Սուրբ Կատերինայի եկեղեցին կառուցել Եկատերինբուրգի հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ:
Հանրային բողոքներից հետո եկեղեցու կառուցումն անորոշ ժամանակով սառեցվել է, սակայն այդ շինարարական ծրագրի ղեկավար Ալեքսանդր Անդրեևը հույս է հայտնել, որ եկեղեցին վաղ թե ուշ կկառուցվի:
Սվերդլովսկի շրջանի նահանգապետ Եվգենի Կույվաշևն այսօր ասել է, որ եկեղեցու կառուցման հարցով վերջնական որոշումը կընդունվի Եկատերինբուրգում հանրային հարցում անցկացնելուց հետո:
