Ղազախստանում ԵԱՏՄ ստեղծման 5-ամյակին նվիրված հատուկ ոսկյա և արծաթյա մետաղադրամներ են թողարկել
Ղազախստանում երեքշաբթի շրջանառության մեջ են դրվել Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5-ամյակին նվիրված հավաքորդական մետաղադրամները: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով հանրապետության Ազգային բանկի հաղորդագրությունը:
«Ղազախստանի Հանրապետության ազգային բանկը 2019-ի մայիսի 21-ին շրջանառության է հանձնում «Եվրասիական տնտեսական միություն. Հինգ տարի» մետաղադրամները՝ ոսկյա 50 000 տենգե (63 000 դրամ) և 500 տենգե (630 դրամ) արժեքներով, արծաթյա 500 տենգե արժեքով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մետաղադրամների դիմերեսին կենտրոնական մասում պատկերված է Ղազախստանի զինանշանը, ներքևի հատվածում նշված է արժեքը, իսկ շրջանագծով պատկերված է «Ղազախստանի Հանրապետություն» գրությունը անգլերեն և լատինական տարբերակներով, ինչպես նաև նշված է մետաղը և դրա հարգը, որից այն պատրաստված է:
Դարձերեսին կենտրոնական մասում պատկերված է ԵԱՏՄ պաշտոնական տարբերանշանը և 2019 թվականը: Շուրջը պատկերված է ժապավեններից և անդամ երկրների պետական դրոշներից կազմված զարդանախշ: Վերին հատվածում տեղադրված է Ղազասխտանի Ազգային բանկի տարբերանշանը, իսկ շրջանագծով՝ «Եվրասիական տնտեսական միություն. 5 տարի» գրությունը ռուսերեն և ղազախերեն:
Մետաղադրամները պատրաստվել են 999 հարգի ոսկուց և 925 հարգի արծաթից: Այս մետաղադրամները ընդունման են ենթակա երկրի ողջ տարածքում՝ բոլոր տեսակի վճարումների պարագայում:
