Դատարանները և դատախազությունը գործում են ՀՀ անունից և չեն կարող 7-ի գործի ու Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ տարբեր դիրքորոշում ունենալ. Հայկ Ալումյան (տեսանյութ)
Ողջ դատավարության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բարձրացրել է այն հարցը, որ պետք է քննության առարկա դառնա ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, այլ նաև այդ գործով կա որոշ նորմերի սահմանադրականության խնդիր, այսինքն` այս գործով կիրառված որոշ օրենքների սահմանադրականությունը դրվում է կասկածի տակ:
Այս մասին Armnews ՀԸ եթերում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից Հայկ Ալումյանը:
Պաշտպանը նշեց, որ նույն «Մարտի 1»-ի գործով 2009-ին գործ է կասեցվել, օրենքի սահմանադրականության խնդիր կա, և դատավորի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մասով գործը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան.
«Մասնավորապես, որքանով կարելի է գործող ՔՕ-ի 300.1 հոդվածը, որն ընդունվել է 2009-ին, մեղսագրել 2008-ի գործողությունների համար, որքանով է սահմանադրական սա: Մենք բարձրացնում ենք ՀՀ 2-րդ նախագահի անձեռնմխելիության հարցը: Երևի, նկատած կլինեք, որ դատախազությունը պնդում էր, որ սա այս փուլի քննարկման հարց չէ, դրանք հաջորդ փուլի որոշելիք հարցեր են, դատարանը կանգ առավ դատախազության դիրքորոշման վրա՝ ասելով, որ այդ հարցին պետք է անդրադառնա հաջորդ փուլում և իր աշխատասենյակում այդ որոշումը կկայացնի: Չքննեց այդ հարցը, քննարկեց միայն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը և դրանից հետո միանձնյա որոշում է կայացրել և գործի վարույթը կասեցրել ու ուղարկել Սահմանադրական դատարան: Մենք ուզում էինք, որ որոշումը նիստով կայացվեր, բայց այդպես չեղավ»:
Հարցին, թե Սահմանադրությամբ ասվում է, որ օրենքը հետադարձ ուժ չունի, ինչու է իրավական խնդիր առաջացել, Հայկ Ալումյանն ասաց, որ պատասխանատվություն սահմանող և պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի, դատախազությունը գտնում է, որ 300.1 հոդվածը պատասխանատվություն սահմանող և պատասխանատվությունը խստացնող օրենք չէ, հետևաբար այն կարող է հետադարձ ուժ ստանալ, պաշտպանական թիմը համաձայն չէ, և այստեղ առաջանում է օրենքի սահմանադրականության խնդիր:
Հայկ Ալումյանն ասաց, որ 2008-ի դեպքերի վերաբերյալ 2009-ին «Յոթի գործով» դատախազությունը նույն բանն է ասել, ինչ իրենք են հիմա ասում. «Մենք ասում ենք՝ դատախազություն, դու 2009-ին ասում էիր այն, ինչ մենք ենք ասում, իրականում դու հիմա ինքդ քեզ ես քննադատում: Դատարանները և դատախազությունները չեն գործում ամենքն իրենց անունից, դրանք գործում են ՀՀ-ի անունից, և ՀՀ-ն չի կարող միևնույն հոդվածի կիրառության վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենալ՝ ելնելով նրանից, որ այստեղ մեղադրյալի անունը Ալեքսանդր Արզումանյան է, նաև Սուրեն Սիրունյան է, իսկ այս դեպքում մեղադրյալի անունը Ռոբերտ Քոչարյան է, ՀՀ-ն չի կարող տարբերություն դնել ելնելով անձից: Երբ խոսում ենք 2009-ի փաստաթղթի մասին՝ 7-ի գործի վերաբերյալ, այդ փաստաթղթի ստորագրողներից մեկը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն է՝ Լիլիթ Թադևոսյանը»:
Հարցին, թե տուժող կողմը տեղյակ էր, որ գործը ՍԴ ուղարկելու վերաբերյալ միջնորդություն է եղել, Հայկ Ալումյանն ասաց, որ տեղյակ են եղել և դիրքորոշում կարող էին հայտնել գրավոր, ինչպես իրենք են արել:
Հարցին, թե որն է պատճառը, որ դատավորները հրաժարվում են քննել Քոչարյանի և մյուսների գործը, Հայկ Ալումյանն ասաց, որ դատավորներից յուրաքանչյուրը հասկանում է, որ կանգնած է դիլեմայի առաջ. «Կոպիտ խախտել օրենքը և Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ, ուրեմն դատավորը կամ պիտի կոպիտ խախտի օրենքը, ու իր մասնագիտական խղճի առաջ պետք է միշտ իրեն մեղավոր զգար, կամ պետք է պարոն Քոչարյանի վերաբերյալ կայացներ այն որոշումը, որը կայացրեց Դավիթ Գրիգորյանը և դրանից հետո հայտնվեր այս անտանելի ճնշումների տակ: Դատավորի տան հասցեն են իրար հետ փոխանակում պարոն Փաշինյանի կողմից փողոց հանված մարդիկ»:
