ԱՄՆ-ն շատ վտանգավոր խաղ է խաղում. Իրանը չի բանակցի Թրամփի հետ, քանի դեռ ԱՄՆ-ն հարգանք չի ցուցաբերել. Զարիֆ
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը չի բանակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի դեռ Միացյալ Նահանգները «հարգանք չի ցուցաբերել» Թեհրանի նկատմամբ՝ հարգելով միջուկային գործարքի շրջանակում վերջինիս պարտականությունները:
Զարիֆը զգուշացրել է, որ «ԱՄՆ-ն շատ վտանգավոր խաղ է խաղում՝ ընդլայնելով իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում»: Իրանցի նախարարը քննադատել է ԱՄՆ-ին «Աբրահամ Լինկոլն» ավիակիր հարվածային նավերի և ռմբակոծիչների խումբն Իրանի ափերի մոտ ուղարկելու համար:
«Նման քանակի ռազմական գույքի առկայությունը փոքր տարածաշրջանում ինքնին կարող է հանգեցնել դժբախտ պատահարների», - շեշտել է Զարիֆը:
Նա նաև հավելել է, որ Իրանը դեմ է իրավիճակի սրմանը և առաջինը քայլ չի անի դեպի ընդհարում, սակայն պատրաստ է պաշտպանվել:
