Կանխել անդառնալին. քաղաքական գնահատականի հրամայականը
Լրագրողական կազմակերպությունները, տարբեր շրջանակներ ներկայացնող մարդիկ, կարծես, արդեն հասցրել են հանդես գալ դատապարտող գնահատականներով ու հայտարարություններով՝ վերաբերող «Հայելի» մամուլի ակումբի դեմ տեղի ունեցած հարձակմանը, որի իրագործողները, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի համակիրներն են:
Հնչած գնահատականներն, իհարկե, կարևոր են, սակայն առավել կարևոր է, թերևս, այն, թե իրենք՝ իշխանությունները, ինչպես են պատրաստվում արձագանքել խնդրին քաղաքական տեսանկյունից: Աներկբա է, որ եթե իշխանություններն իսկապես մտահոգված են տեղի ունեցածով, ադեկվատ վերաբերմունք են դրսևորում իրավիճակին՝ հասկանալով ողջ ռիսկայնությունը, ապա պարտավոր են կատարվածին տալ առաջին հերթին քաղաքական գնահատական. միայն ակցիայի մասնակիցներին ոստիկանության բաժին տանելը կամ անգամ օրենքի ողջ խստությամբ պատժելու պատրաստակամությունը (վերջինս կասկածելի է՝ հաշվի առնելով նորհայաստանյան իրականությանը բնորոշ գծերն ու դրանից բխած բացասական փորձը) այս իրավիճակում չեն կարող բավարար համարվել, և խնդիրն իսկապես պետք է ստանա քաղաքական գնահատական: Ավելին՝ այս իրավիճակում բնավ ավելորդ չէր լինի, եթե նույն ԱԺ-ն արտահայտեր հստակ դիրքորոշում տեղի ունեցածի վերաբերյալ՝ առնվազն հետագայում նմանօրինակ դեպքերից ապահովագրելու չորրորդ իշխանությանը, ցույց տալու, որ Հայաստանում ազատ խոսքի դեմ բռնաճնշումները տեղի ունենալ չեն կարող՝ սկզբունքորեն:
Հաշվի առնելով խնդրի խորքայնությունը, դրան պատշաճ ուշադրության չարժանացնելուց բխող անխուսափելի վտանգները՝ հարցին մակերեսային վերաբերմունք ցուցաբերելը կարող է անդառնալի հետևանքների առաջ կանգնեցնել այս անգամ ոչ թե առանձին վերցրած կայքերին կամ մամուլի ակումբներին, այլ անխտիր բոլորին՝ հիմա, թե հետո:
Ընդ որում՝ տեսակետը, թե տեղի ունեցածը պետք է ընդամենը ներքին կյանքի շրջանակներում տեղավորվող տհաճ միջադեպ համարել, «լուն ուղտ չդարձնել» և այլն, կատարելապես սնանկ է, քանի որ հարցը վերաբերում է ոչ միայն Հայաստանի միջազգային իմիջին, որն առանց այն էլ անդառնալիորեն սասանված է, այլև Հայաստան- արտաքին աշխարհ հարաբերություններին:
Այս իմաստով բավականին խոսուն պետք է համարել, օրինակ, Կրեմլին շատ մոտ կանգնած հայտնի լրագրողներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի՝ Նարեկ Մալյանի դեմ ամիսներ առաջ հարձակում գործած «Ռեստարտ» տխրահռչակ խմբի հարձակման կապակցությամբ արած վերջին գրառումը, որով դրա հեղինակը ցավով արձանագրել էր, որ հանցագործները, չնայած հանցանքի ծանրությանը, մինչ օրս ազատության մեջ են:
Հետաքրքիր է՝ «Իմ քայլի» նիստից հետո կհնչե՞ն, արդյոք, քաղաքական գնահատականներ, կուսակցությունը հանդես կգա՞ հստակ հայտարարությամբ՝ տեղի ունեցածի հետ կապված, թե՞ այնուամենայնիվ, ինչպես հաճախ է լինում, մարդկանց մնալու է միայն կռահել՝ կոնկրետ ինչ դիրքորոշում ունի այս ուժն այս կամ այն խնդրի շուրջ, իսկ այս դեպքում՝ վերոհիշյալ պրոբլեմի, որի կիզակետում «ժողովրդի վարչապետ» Նիկոլ Փաշինյանն է:
Այս իրավիճակում քար լռություն պահպանելը կամ իրավիճակին ոչ համաչափ արձագանքը վկայելու է գեթ մեկ բանի մասին. տեղի ունեցած խայտառակ միջադեպը լավ էլ իշխանությունների սրտով է, ավելին՝ փաստվելու է, որ հենց նրանց անմիջական հրահանգի արդյունքում է, որ թիրախավորվել է Հրայր Թովմասյանի քույրն ու նրան պատկանող լրատվամիջոցը, և այսուհետ ևս նման դրսևորումները շարունակվելու են մինչև «հաղթական ավարտը»:
Վարդգես Սարգսյան
