ԱՀԿ-ն վերանայել է համավարակի պայմաններում դիմակ կրելու հարցում իր դիրքորոշումը․ այժմ դրանք պետք է կրեն բոլորը և ամենուր
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է կորոնավիրուսային համավարակի պայմաններում դիմակ կրելու վերաբերյալ իր նախկինում հնչեցրած «հորդորները», հայտնի է դառնում ԱՀԿ պաշտոնական կայքից։
Այժմ կազմակերպությունը խորհուրդ է տալիս պաշտպանական դիմակներ կրել բոլոր մարդաշատ վայրերում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը։
«Նոր ապացույցներից ելնելով՝ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կառավարություններին հորդորել բնակչությանը դիմակներ կրել այն վայրերում, որտեղ վիրուսը շատ տարածված է և որտեղ սոցիալական հեռավորությունը դժվար է պահել»,- նշել է նա։
ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ խորհուրդները հատկապես վերաբերում են 60-ն անց անձանց, ինչպես նաև բուժաշխատողներին՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք անմիջականորեն կորոնավիրուսի վարակակրի հետ են աշխատում, թե ոչ։
ԱՀԿ-ն կարծում է, որ անհրաժեշտ է դիմակ կրել տրանսպորտում, խանութներում և այլ մարդաշատ վայրերում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ բժշկական դիմակները միայն վարակակիրների համար են պարտադիր, քանի որ դեռևս այն ժամանակ որևէ ապացույց չկար դրանց միջոցով՝ առողջ մարդկանց վիրուսից պաշտպանության մասին։
