Մոտ մեկ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարկավորություններից տարածվող դեպքերով պայմանավորված
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ստանալ լուսանկարներ, որոնք վկայում են հարյուրավոր մասնակիցներով տեղի ունեցող հուղարկավորության արարողությունների մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին նշեց պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Ես զարմանում եմ: Ու դա արվում է այն պարագայում, երբ արդեն մոտ մեկ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարակավորություններից տարածվող դեպքերով պայմանավորված: Սիրելի հայրենակիցները հատել ենք այդ եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով քաղաքացիներին խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Նա տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակների հետ կապված իր՝ նախկինում հնչեցրած գնահատականը:
«Այդ հնչեցրած գնահատականը ճշգրիտ համապատասխանում է մեր վիճակում գտնվող երկրների կայացրած որոշումներին: Հակահամաճարակային շարժման կարևոր խնդիրներից մեկը պետք է լինի հակաքարոզչությունը չեզոքացնելը: Անհրաժեշտ է իրականացնել տոտալ աջակցություն կառավարությանն իր հակամահամաճարակային քայլերում: Մենք այս իրավիճակից ունենք մի ելք: Թեկուզ դժոխքի միջով քայլելով, մենք պետք է դուրս գանք հակառակ կողմից: Եվ դա կարող ենք անել հակամաճարակային կանոները պահպանելով և հակահամաճարակային շարժմանն ակտիվ մասնակցելով, ընդհուպ չեզոքացնելով հակաքարոզչության բոլոր միջոցները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ կարող են արտակարգ դրության ռեժիմով վարչական որոշումներ կայացնել, սակայն այդ ճանապարհը չեն նախընտրում: Նիկոլ Փաշինյանը ցավալի է համարում այն, որ որոշ մարդիկ շարունակում են տարածել տեղեկություն այն մասին, որ չկա կորոնավիրուս և նման անհեթեթ մեկնաբանություններ:
«Կառավարությունն անում է երկու քայլ: Ուղիղ, անկեղծ, առանց որևէ նրբություն թաքցնելու, խոսել ժողովրդի հետ, ներկայացնել ճշմարտությունը: Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են մահճակալային տեղերն ավելացնելու համար»,- հավելեց վարչապետը:
The post Մոտ մեկ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարկավորություններից տարածվող դեպքերով պայմանավորված appeared first on ԳԱԼԱ.
