Իշխող խմբակցությունը տապալեց Երևանի ավագանու նիստը
Խմբակցությունը դեռ երեկ երեկոյան էր հայտարարել, որ այսօրվա նիստին չեն մասնակցի, մինչև տարեվերջ էլ նոր նիստ կհրավիրեն՝ քննարկելու օրակարգի կարևոր հարցերից մի քանիսը։
Չնայած այս հայտարարությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանից բացի, ավագանու նիստին ներկա էին նաև ընդդիմադիր երկու և իշխող «Իմ քայլը» խմբակցությունների նախկին ու ներկաւ մի քանի անդամներ։
Վաղն այս դահլիճում գաղտնի քվեարկությամբ քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը կորոշվի։ Ինչպես վերջին երկու տարում, այսօր նույնպես Մարությանը հրաժարվեց հարցազրույցից՝ խոստանալով վաղը խոսել. - «Վաղը կլինի նիստ, բոլոր հարցերի պատասխանը կհնչի»։
2018-ին քաղաքապետ ընտրված Մարությանի պաշտոնանկության գործընթացը սկսած «Իմ քայլը» խմբակցության 65 անդամից շուրջ 15-ը չի միացել այս նախաձեռնությանը։
Քաղաքապետի հեռանալուն դեմ է նաև փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը. - «Եթե լինեի ավագանու անդամ դեռևս, դեմ էի քվեարկելու, որովհետև չեմ կարծում, որ որոշումը բխում է երևանցիների և ժողովրդավարության շահերից»։
Ավագանու անդամի մանդատը վայր է դրել արդեն նախկին իմքայլական Գրիգոր Երիցյանը։ Նա այսօր ասաց, թե այլ տարբերակ չի ունեցել, հակառակ դեպքում իր նախաձեռնությունները կչեղարկվեին. - «Ինձ հստակ ասվեց, որ երեք տարիների այն աշխատանքը, որ դու կատարել ես, մեկ օրում ջուրը կգնա»։
Լուսինե Մխոյանը ո'չ մանդատից է հրաժարվել, ո'չ էլ խմբակցությունն է լքել, բայց դեմ է, որ Մարությանը հեռանա։ Նա ասաց, թե հղիությամբ և քովիդով պայմանավորված բացակայություններ է ունեցել։ Հավելեց, որ որպես ճարտարապետ, կամավորական սկզբունքով ընգրկված է վերակառուցման մի քանի ծրագրերում։ Նաև պնդեց, թե բացակայությունների պատճառով իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել. - «Փորձում էին դրանով ինձ շանտաժի ենթարկել՝ ասելով թե՝ քո բացակաների հիման վրա կհանենք ավագանիից։ Կուսակցական ավագանիների բացակաների քանակը իմ հարգելի բացականերից անհամեմատ ավելի շատ կլինի»։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ու խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը չհերքեցին, որ եղել են այդպիսի խոսակցություններ, բայց ըդնգծեցին, թե դրանք ճնշումներ չեն, ուղղակի ներկայացվել են քաղաքական թիմի դիրքորքշումներն ու եղել է մանդատը վայր դնելու առաջարկ։
