Հրամանատարը տեղ չի հասել զրահատեխնիկայի խափանման պատճառով, մեղադրում են՝ Ջալալ Հարությունյանը չի ստուգել զրահատեխնիկան, բանակի հրամանատարը պետք է գնա՝ զրահատեխնիկա ստուգի՞․ պաշտպան
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը երկու դրվագից է բաղկացած: Առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոներից մեկում տեղի ունեցած հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։
Ըստ մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է հակահարձակողական օպերացիա այն պայմաններում, երբ ուժերի հարաբերակցությունը եղել է մեկը հինգին՝ հօգուտ հակառակորդի։ Ըստ նրա՝ հոկտեմբերի 7–ի հակահարձակման օպերացիան նախատեսված գործողություն է եղել փաստաթղթերով։
«Կան հաստատված փաստաթղթեր, որ նախկինում էլ Արաքսի ափով առաջխաղացում ունենալու դեպքում հայկական կողմի քայլը պետք է լիներ հակահարձակումը և դա Ջալալ Հարությունյանը չի հնարել», - ասաց պաշտպանը։
Սարդարյանի խոսքով՝ միայն կռվի առաջին ժամերին հակառակորդի 150 հոգանոց խումբ է ոչնչացվել, իսկ հայկական կողմի զոհերի թիվը 12-ից 20-ի շրջանակներում է, բացի այդ, 16 հայ զինվորի շրջափակումից կարողացել են հանել, հակառակորդի զինտեխնիկա է գրավվում։
«Ձախակողմյան հատվածում յուրային ուժերը հասել են Ջաբրայիլ-Հորադիս մայրուղի, մնացել է ամրանալը, ինչը չի կատարվել տարբեր պատճառներով.օրինակ, հրամանատարական կազմում ունեցել ենք առանցքային հրամանատար, որը տեղ չի հասել, ինչը պայմանավորված է եղել զրահատեխնիկայի չնախատեսված խափանմամբ։ Ինչպե՞ս կարելի է սա կապել բանակի հրամանատարի գործողությունների հետ։ Հիմա մեղադրանքում գրում են, ասում են՝ Ջալալ Հարությունյանը չի ստուգել զրահատեխնիկայի վիճակը, հարգելինե՛րս, բանակի հրամանատարը պետք է գնա զրահատեխնիկան հատ-հատ ստուգի՞։ Ներկայացվել է, որ 90 տոկոսից բարձր պատրաստ վիճակում են եղել բոլոր տեխնիկաները, այս իրավիճակում բանակի հրամանատարը ինչպե՞ս կարող է պատասխանատու լինել, որ տեխնիկայի խնդիր է եղել, դրա պատասխանատուներին այլ տեղ է պետք փնտրել», - ասաց պաշտպանը։