ՊԲ-ն կեղծիք է համարում Արցախի օդային տարածքում օդանավերի GPS տեղորոշման համակարգերը ճնշելու Բաքվի պնդումը
Ըստ Բաքվի՝ վերջին նման միջադեպն արձանագրվել է հուլիսի 13-ին, երբ ՊԲ համապատասխան ստորաբաժանման ռադիոճնշման հետևանքով խափանվել են ժամը 11։54-12։07 Զանգիլան-Ֆիզուլի, իսկ ժամը 13։02-13։17 Ֆիզուլի-Բաքու երթուղով չվերթներ իրականացնող օդանավերի GPS տեղորոշման համակարգերը։
Ստեփանակերտը հակադարձում է՝ հիշյալ երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերը կարիք չունեն հատել շփման գիծը, հետևաբար չեն կարող հայտնվել ՊԲ ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո։
Պաշտպանության բանակը միևնույն ժամանակ շեշտում է, որ 2020-ի պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորում Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։
