Պակիստանի մերձակայքում ավտոմեքենայի պայթյունից վիրավորվել է իրանցի 4 սահմանապահ
Իրանի հարավ-արևելյան, բելուջներով բնակեցված շրջանում Պակիստանի Միրջավեի սահմանի մոտ ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով իրանցի 4 սահմանապահ է վիրավորվել։ Այս մասին գրել է Iran International-ը։
IRNA գործակալության փոխանցմամբ՝ վիրավորներից 3-ի վիճակը կայուն է, սակայն մեկը բուժման նպատակով տեղափոխվել է նահանգի մայրաքաղաք Զահեդան։
Haalvsh կայքը, որը լուսաբանում է Սիստան-Բալուջիստան նահանգում իրադարձությունները, ավելի վաղ հայտնել էր, որ սահմանամերձ Միրջավե քաղաքի Շահրաք շրջանում զինվորական մեքենան պայթյունի թիրախ է դարձել։
Այն, հղում անելով տեղական աղբյուրներին, հայտնել էր, որ իրավիճակը լարված է, և որ ռազմական մեքենաները պարեկում են քաղաքը: Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։
