Մեդվեդևն ասել է, որ Ջոնսոնին անհրաժեշտ է հոգեբուժարան ընդունել
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին անհրաժեշտ է հոգեբուժարան գնալ Ուկրաինային առանց նախապայմանների ՆԱՏՕ-ի անդամ ընդունելու առաջարկից հետո։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Նրան՝ թոշակառու հիմարին, պետք է առանց պայմանների ընդունել հոգեբուժարան, այստեղ նա կկարողանա յուրայինների մեջ ներկայանալ իբրև զիլ տղա, որը պահանջում է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել»,- գրել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
Մեդվեդևը նաև տողեր է մեջբերել Վլադիմիր Վիսոցկու «Նամակ «Ակնհայտ-անհավանական» հեռուստահաղորդման խմբագրին» երգից, որը նկարագրում է կլինիկայի հիվանդների ցանկությունը՝ բացահայտելու Բերմուդյան եռանկյունու առեղծվածը:
Ավելի վաղ Ջոնսոնը Daily Mail-ի համար հրապարակված հոդվածում հայտարարել էր Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում առանց որևէ պայմանի և որքան հնարավոր է շուտ ընդունելու անհրաժեշտության մասին։
