Ադրբեջանցիներն այսօր առավոտյան օկուպացված Հաթերք գյուղում ենթադրաբար սպանել են խաղաղ բնակչի. այժմ կրակելով շարժվում են դեպի Ստեփանակերտ. Բեգլարյան
Ադրբեջանցիներն այսօր առավոտյան օկուպացված Հաթերք գյուղում ենթադրաբար սպանել են խաղաղ բնակչի. այս մասին X-ում (նախկին Թվիթեր) գրել է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանցիները ոչ միայն երեկ ժամը 13:00-ին չեն դադարեցրել կրակը՝ մի քանի ժամ կրակելով և շարժվելով տարբեր ուղղություններով, այլև այսօր շարունակվում են խախտումները։
Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում ենթադրաբար սպանել են խաղաղ բնակչի, այժմ կրակելով շարժվում են դեպի Ստեփանակերտ», - գրել է նա։
Նշենք, որ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար Ստեփանակերտի կենտրոնից, որին կից գրել է. «Կրակոցներ այժմ էլ կան, բայց քանակը նվազել է 12․45-ի դրությամբ, իսկ նկարը արվել է 12։40-ին Հրապարակում։ 12։50-ի դրությամբ թշնամին չի հասել և դրոշ չի դրել այստեղ»:
