Վրաստանն Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին մեղադրել է երկրում իշխանությունը տապալելու փորձի համար
Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարների մասնակցությունը Վրաստանում, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ բողոքի ակցիային երկրում իշխանությունը տապալելու փորձ է։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Սա քայլ է (նախարարների մասնակցությունը հանրահավաքին), որն ավելի շատ սպասելի է խորհրդային կամ ռուսական քարոզչությունից, քան Եվրամիության արտաքին գործերի նախարարներից։ Ավելին, աջակցում եք ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը տապալելու փորձին, քանի որ ձեզ դուր չի գալիս նրա ընդունած օրենսդրությունը»,- գրել է նա։
Նախօրեին Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարները ժամանել էին Թբիլիսի, որտեղ մասնակցել են «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ բողոքի ցույցին և այնտեղ ելույթ են ունեցել։