Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեցի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և այդ օրվանից սկսվեց յոթամյա խելահեղ ճամփորդություն՝ լի դժվարություններով, փորձություններով, խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ արժեքավոր նվաճումներով, հաղթանակներով ու ձեռքբերումներով։ Անցած յոթ տարիները կարող եմ բնութագրել որպես կյանքիս ամենակարևոր շրջան, որը մեծապես կերտեց ինձ որպես անհատ, քաղաքացի ու ղեկավար, մի շրջան, երբ ինչպես գտա, այնպես էլ կորցրեցի շատ բան։ Նվաճումների մասին՝ որպես համայնքի ղեկավար, անհամեստ եմ համարում նշել, քանի որ կարծում եմ, որ ղեկավարի մասին պետք է խոսի գործը։ Այս յոթ տարիների ընթացքում մեր համայնքը վերափոխվեց բոլորիս աչքի առաջ, կատարվեց հսկայական աշխատանք, որը տեսնելու համար հերիք է պարզապես մտովի տեղափոխվել նախահեղափոխական Էջմիածին։