Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է շարունակեն մնալ ամենամոտ գործընկերներ, դաշնակիցներ.Պեսկով
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը պետք է շարունակվի ամենամտերիմ գործընկերության և դաշնակցային հարաբերությունների շրջանակում, իսկ բոլոր առաջացող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական կերպով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք նախկինի պես կողմնակից ենք այն դիրքորոշմանը, որ տրամաբանությունն ասում է միայն մեկ բան՝ Ռուսաստանը և Ադրբեջանը հանդիսանում են և պետք է շարունակեն մնալ ամենամոտ գործընկերներ, դաշնակիցներ, և երկրներ, որոնց միավորում է ընդհանուր պատմությունը, ներկան և ապագան»,- ասել է նա լրագրողներին։
Պեսկովի խոսքով՝ «բոլոր առաջացող խնդիրները, անշուշտ, պետք է կարգավորվեն կառուցողական կերպով՝ մեր երկկողմ հարաբերությունների ընդհանուր ոգուն համապատասխան»։
Նա նաև նշել է, որ ՌԴ դեսպանատունը Բաքվում և Ռուսաստանի ԱԳՆ-ն «հետևողական կապի մեջ են Ադրբեջանի կողմի հետ և պաշտպանում են ձերբակալված ռուսաստանցիների շահերը՝ կիրառելով օրենքով և դիվանագիտական գործելակերպով սահմանված բոլոր հնարավորությունները»։
The post Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է շարունակեն մնալ ամենամոտ գործընկերներ, դաշնակիցներ.Պեսկով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
