Փաշինյանն արդեն մեղադրյալ է կարգել Եկեղեցուն, խնդիր ունի փոխելու Կաթողիկոսին ու ցանկացած գնով փորձելու է հասնել դրան. Սահակյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը
– Պարո՛ն Սահակյան, Նիկոլ Փաշինյանի հերթական գրառումը Վեհափառի վերաբերյալ ոմանք համարեցին ուղիղ հրահանգ իրավապահ մարմիններին, որպեսզի Կաթողիկոսի դեմ ինչ-որ գործողություններ սկսեն: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի այս գրառումը, կարծում եք, որ սա ուղիղ հրահա՞նգ է իրավապահ մարմիններին:
– Նախ՝ դեռ ոչ մի բան ապացուցված չէ, նախաքննությունը շարունակվում է, Նիկոլ Փաշինյանը ապօրինի ու հակասահմանադրական գործողություններ է ծավալում, հաստատված վճիռ չկա, բայց նա արդեն հստակ արձանագրում է անում:
Սա առաջին դեպքը չէ, որ քննությունը չավարտված՝ նա վճիռ է կայացնում. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ժամանակ ասաց, թե դա ահաբեկչություն չէ, Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողների դեպքի մասով էլ ինքը առաջինը նկարագրեց, թե դեպքն ինչպես է եղել՝ չսպասելով նախաքննության ավարտին:
Այս մարդու համար սովորական է պետական ոչ մի ինստիտուտ հաշվի չառնելը, նա միայնակ է կառավարում, իրեն պետք են տեռորիստներ՝ գտնում է, պետք չեն՝ չի գտնում: Ինքն արդեն Եկեղեցուն մեղադրյալ է կարգել, խնդիր ունի փոխելու Կաթողիկոսին ու ցանկացած գնով փորձելու է հասնել դրան, չնայած չունի դրա ո՛չ իրավական, ո՛չ բարոյական հիմքերը: Նա ոչ մի կարմիր գիծ չունի, պատրաստ է ցանկացած ստորության, միայն թե իր առաջ դրված խնդիրները լուծի, հոգևորականների մասին գրառումները դրա վառ ապացույցն են:
– Հրահա՞նգ է, թե՞ ոչ: Սպասելի՞ են նման գործողություններ Վեհափառի դեմ:
– Իհարկե, ամբողջ տրամաբանությունը դրան է տանում: Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ռուսական ծիրից դուրս է գալիս ու մտնում է թուրքական ազդեցության գոտի, Կաթողիկոսը նույնպես պետք է լինի թուրքական ազդեցությամբ նշանակվող անձ: Ինքը հիմա այդ ֆունկցիան է կատարում, այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա:
Ինչո՞ւ Եկեղեցին, որովհետև այն միակ համահայկական ինստիտուտն է, ես ևս քննադատել եմ մեր Եկեղեցուն, ազնիվ լինենք, մեր Կաթողիկոսը լավագույն Կաթողիկոսը չէ, բայց դա չի նշանակում, որ պետք է ոչնչացնել համահայկական այդ ինստիտուտը ու ենթարկեցնել ինչ-որ մեկին՝ Նիկոլի ձեռամբ:
– Պարո՛ն Սահակյան, ասում եք, որ Փաշինյանը միանձնյա է որոշում, բայց իրավապահ համակարգի ներկայացուցիչները, իշխանական պատգամավորներն ասում են, որ կատարվողը փաստերի հիման վրա է:
– Ստում են, այդ փաստերը ձայնագրություննե՞րն են, եթե մենք հիմա իջնենք ցանկացած շենքի զրուցարան, ապա դրանից ավելի ահավոր խոսակցություններ ենք լսելու: Մարդիկ շատ հանգիստ խոսում են, ցանկություններ են հայտնում, թե ինչ կանեին Նիկոլի, նրա կուսակիցների հետ, այդպես լինի՝ ցանկացած զրուցարանում տեռոր է կազմակերպվում այս իշխանության դեմ: Սա լուրջ չէ, հասկանո՞ւմ եք, այդ մարդիկ որևէ գործողություն չեն արել, այդ զենքերը, որոնք ցույց են տվել, օրինական են, աբսուրդ է կատարվողը: Այս ամենը լուրջ չէ:
– Եթե Վեհափառի դեմ իրավական գործընթացներ սկսվեն, ապա դրանք ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ պետության համար:
– Ոչ մի ծանր հետևանք չեն ունենա, որովհետև Վեհարանը համահայկական շահ սպասարկող կառույց է, իսկ քանի որ այսօր Հայաստանը պետական շահ չի սպասարկում, հետևաբար իրար հետ կապ չունեն:
Բայց հանուն ազնվության պետք է ասել, որ այնպես էլ չէ, որ Եկեղեցին շատ լավ էր սպասարկում համահայկական շահը, ու հենց դրա համար էինք ժամանակին քննադատում Եկեղեցուն, որովհետև այն շահը, որ Եկեղեցին պետք է սպասարկեր, լավագույնս չի սպասարկել, բայց դա չի նշանակում, որ պետք է նման կերպ ոչնչացնել այդ կառույցը, ինչպես արդեն ասացի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Փաշինյանն արդեն մեղադրյալ է կարգել Եկեղեցուն, խնդիր ունի փոխելու Կաթողիկոսին ու ցանկացած գնով փորձելու է հասնել դրան. Սահակյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
