Քաղաքական կոռուպցիայի դրսևորում է․ Վարուժան Հոկտանյանը՝ պետական համակարգում միլիարդավոր դրամների պարգևավճարների մասին
Թոշակառուները չեն ստանում, իսկ պետական համակարգին միլիարդավոր դրամների պարգևավճար է տրվում, սա նաև էթիկական խնդիր է. Հոկտանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը
– Պարո՛ն Հոկտանյան, պետական համակարգում տարեվերջին զգալի չափով պարգևավճարներ են բաժանվել աշխատակիցներին, օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորները դեկտեմբերին 3 մլն 25 հազար դրամ աշխատավարձ ու պարգևավճար են ստացել՝ հարկերը հանած։ Որքանո՞վ են ձեր գնահատմամբ բխում լավ կառավարման և թափանցիկության սկզբունքներից։ Այս պրակտիկայում տեսնո՞ւմ եք կոռուպցիոն ռիսկեր կամ վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում։
– Խորհրդարանում, ինչպես նաև մեծ թվով այլ պետական մարմիններում, պարգևավճարների մի մասը տրվել է 2025 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով` Կառավարության 2025 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 1763-Ն որոշմամբ: Վերաբաշխման արդյունքում Կառավարության պահուստային ֆոնդի hարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստից 3 միլիարդ 583 միլիոն 509 հազար դրամ է ուղղվել այդ պարգևավճարների վճարմանը, որի հիմնավորումը նույնպես առկա է այդ որոշման մեջ։ ԱԺ-ի դեպքում պարգևավճարների մյուս մասը տրվել է Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ։
Նախընտրական շրջանում պետական ծառայողներին՝ նախարարությունների կամ խորհրդարանի, զանգվածային պարգևավճարներ բաժանելը սովորաբար դիտվում է որպես վարչական ռեսուրսի չարաշահում, բայց եթե մենք շեշտը դնում ենք միայն ԱԺ-ի վրա, ապա նրանք շատ հանգիստ կարող են ասել, որ ընդդիմադիր պատգամավորները ևս ստացել են պարգևավճար, այսինքն՝ այնպես չէ, որ միայն իշխանական պատգամավորներն են ստացել, մյուսները ևս ստացել են, ստացվում է, որ այդ մասով խնդիր չկա:
Հետևաբար, ես կառաջարկեմ չկենտրոնանալ միայն Ազգային ժողովի պարգևավճարների վրա, այլ՝ ընդհանուր պետական համակարգին տրված, որովհետև իմ նշած որոշմամբ ամբողջ պետական համակարգին են պարգևատրում հատկացրել պահուստային ֆոնդից:
Պարգևատրում ստացել են նաև խորհրդարանի աշխատակազմում, ու, չգիտես ինչու, բոլորի ուշադրությունը պատգամավորների վրա է կենտրոնացել, բայց ամբողջ պետական համակարգն է մեծ գումարի չափով պարգևավճար ստացել:
Նախընտրական տարի է առջևում, ու բնական է, որ Ալեն Սիմոնյանը գուցե վերջին անգամն է, որ կարող էր նման լավություն անել, գուցե ուզում է լավ հիշատակով հեռանալ: Սա այնքան չարչրկված թեմա է, որ մենք ամեն տարի անդրադառնում ենք այս խնդրին, երբ դիտարկում ես պետության սոցիալ-տնտեսական վիճակն ու այդ ֆոնին տրվող պարգևավճարների չափը: Կառավարության 2025 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 1763-Ն որոշումը հիմնված է մեկ այլ որոշման վրա, որ իբր թե կատարողական են գնահատել, իսկ այստեղ շատ հետաքրքիր պատկեր է առաջանում, որը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի:
-Քանի որ քննարկումները շարունակվում են և տարբեր գնահատականներ են տրվում, կարո՞ղ է արդյոք այս մոտեցումը որոշակի ազդեցություն ունենալ նախընտրական գործընթացների վրա, թե նման կապ այստեղ չեք տեսնում։
– Ես այստեղ հիմնականում ուրիշ բան եմ տեսնում, կրկնում եմ, չպետք է կենտրոնանալ միայն Ազգային ժողովի վրա: 3 միլիարդ 583 միլիոն 509 հազար դրամ տրվում է պետական համակարգին, այլ ոչ թե թոշակառուներին, հիմա ի՞նչ, որ թոշակառուների համար չկա տասներեքերորդ աշխատավարձ, կատարողականի գնահատական, ուրեմն նրանց պետք չէ՞ պարգևավճար: Իհարկե, իրենք կարող են ասել, թե նախատեսված չէ Նոր տարուց առաջ թոշակառուներին ավել թոշակ տալ, բայց հաստատ կարելի էր այլ բան մտածել ու այդ գումարը հատկացնել նրանց: Թող մտածեն ու տարեվերջին պարգևատրումների փոխարեն մի անգամ գոնե՝ Նոր տարուց առաջ, թոշակներ տան:
– Պարո՛ն Հոկտանյան, կա՞ նորմատիվ սահմանափակում, որ նախընտրական փուլում պարգևավճար բաժանելն արգելվում է:
– Որքան գիտեմ՝ չկա, եթե լիներ՝ նման բան չէին անի:
– Պե՞տք է հրապարակվեն չափանիշները, թե ո՛ւմ են տվել պարգևավճար և ինչի՛ համար, պարգևավճարի չափը:
– Թափանցիկության ու հաշվետվողականության համար դա միանշանակ պետք է, բայց դա էլ իրենք հիմնավորում են աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանությամբ: Պետք է դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, ինչպես արվել է 2019-ին քաղաքապետարանում բաժանված պարգևավճարների մասով, որպեսզի այդ կառույցն ազդի Ազգային ժողովի վրա՝ տվյալները հրապարակելու:
– Իսկ էթիկական, իրավական առումով սա ինչպե՞ս պետք է գնահատվի:
– Դե, էթիկական առումով ասելու բան չկա, համացանցն արդեն պայթում է այս թեմայի վերաբերյալ արված գրառումներից, ինչը բնական է, որովհետև սա, կարելի է ասել, անբարոյականություն է, որովհետև, եթե դու ասում ես՝ «թոշակառուների թոշակը ամսական 11 հազար կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք՝ ի՞նչ է անելու թոշակառուն», այդ դեպքում պետական ծառայողին ինչո՞ւ ես այդքան տալիս:
– Կոռուպցիոն ռիսկեր կա՞ն այստեղ:
– Իհարկե, քաղաքական կոռուպցիայի դրսևորում է, բայց, նորից եմ կրկնում, պետք չէ կենտրոնանալ միայն Ազգային ժողովի վրա, որովհետև պարգևավճար տվել են բոլոր պետական ապարատների աշխատակիցներին: Վստահ եմ, որ կարգադրություն է եղել ԱԺ նախագահին, նաև պետական մարմինների ղեկավարներին. այսքան որ խոսեցինք այս թեմայի վերաբերյալ, որոշել են հիմա էլ կատարողականի գնահատում հիմնավորմամբ պարգևավճար տալ, ընդ որում ենթադրում եմ, որ ամսական աշխատավարձի կրկնակի չափով:
Թե ինչո՞ւ են հունվարի աշխատավարձը հիմա տվել, դա է շատ տարօրինակ, եթե ասում են, որ հունվարի աշխատավարձն էլ են տվել, ես մի քիչ կասկածում եմ, որովհետև դա արդեն օրենքի բացահայտ խախտում է: Հունվարի աշխատավարձը պետք է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին տալ, այլ ոչ թե՝ դեկտեմբերի վերջին: Ենթադրում եմ, որ այդտեղ ինչ-որ բան այն չէ, որովհետև երբ հաշվում եմ, չի բացառվում, որ այդ կարգի պարգևավճար կստացվեր նույնիսկ առանց հունվարի աշխատավարձը տալու: Այսինքն՝ նկատի ունեմ, որ պարգևավճարն ավելի շատ են տվել ու այդ կերպ ուղղակի քողարկում են, բայց սա զուտ ենթադրություն է: Զուտ տրամաբանորեն՝ ինչո՞ւ պետք է հունվարի աշխատավարձը դեկտեմբերի վերջին տան, այսինքն՝ հունվարին այդ մարդիկ աշխատավարձ չե՞ն ստանալու: Եթե այդպես է, ապա դա օրենքի խախտում է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Քաղաքական կոռուպցիայի դրսևորում է․ Վարուժան Հոկտանյանը՝ պետական համակարգում միլիարդավոր դրամների պարգևավճարների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
