Փաշինյանն ուզում է, որ Ալիևը լսի, թե ինքն այստեղ ինչպես է պայքարում Արցախի դեմ, ավելին, քան Ալիևը. Ժաննա Ալեքսանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը
– Տիկի՛ն Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյանը հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է, որ իր ցուցումով է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ազատվել աշխատանքից, քանի որ ԱՄՆ փոխնախագահին նվիրել է Արցախի մասին գիրք, ինչը, ըստ Փաշինյանի, դեմ է կառավարության վարած արտաքին քաղաքականությանը: Ինչպե՞ս եք մեկնաբանում երևույթը:
– Առաջին ու միակ դեպքը չէ, որ Փաշինյանն իր լիազորությունները չարաշահում է, վաղուց է հայտնի, որ նա՝ որպես վարչապետ, հաճախ իր լիազորություններից վեր է գործում, բայց որ բաց տեքստով ու ակնհայտ հայտարարում է արդեն, որ Արցախի մասին խոսելը, Արցախի վերաբերյալ գրքեր կամ այլ իրեր նվիրելը անթույլատրելի են, նորություն էր: Վաղուց էին իրենք քայլեր անում, որ Արցախ անունը չհնչեր, տարբեր տեղերից դրոշներն էին պոկում, թույլ չէին տալիս, որ Արցախից բերված զինվորների դագաղներն Արցախի դրոշով ծածկեն, այսինքն՝ կար այդ ամենը, բայց այսպես բացահայտ չէր: Հիմա արդեն բացահայտ խոսում է Ալիևի դիրքորոշումից:
Սովետական տարիներին անգամ Արևմտյան Հայաստանի մասին խոսելու, գրքեր նվիրելու վերաբերյալ արգելք չկար, հիմա նա փորձում է արգելքներ սահմանել: Սա մառազմ է, ուրիշ բառ դժվարանում եմ գտնել, ինձ շատ հետաքրքրում է, թե ազատման դիմումի հիմնավորումն ինչպե՞ս է ձևակերպվելու: Ինքն իրեն ասոցացնում է պետության հետ ու Արցախի մասին գիրք նվիրելը դարձնում է սադրանք, ի՞նչ սադրանք: Նա «Կառավարությունը ես եմ» վիճակի մեջ է, այսինքն նշանակում է՝ ինչ ուզեմ, կանեմ, անօրինական, ոչ թե օրինական: Արցախը եղել է, կա ու կլինի, ես կրկնում եմ Ռուբեն Վարդանյանի խոսքը, որն ասել է Բաքվի բանտում: Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե մենք ում ինչ նվիրենք: Էդիտա Գզոյանը ո՛չ կառավարության անդամ է, ո՛չ արտաքին քաղաքականության մաս է, եթե իրեն արգելված է, նշանակում է մյուսներիս ևս արգելված է:
– Նկատի ունեք, որ եթե գոնե կառավարության անդամ լիներ, ապա այդ դեպքում Փաշինյանի որոշումը արդարացվա՞ծ կլիներ:
– Ո՛չ, դարձյալ արդարացված չէր լինի, ես ուղղակի հակադարձում եմ իր այսպես կոչված հիմնավորմանը: Նրա վարած արտաքին քաղաքականությունը ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի է: Լավ է արել Էդիտա Գզոյանը, որ նվիրել է այդ գիրքը, դա ավելի թանկ քայլ է, քան այն պաշտոնը, որն ինքը զբաղեցնում էր: Կառավարության ղեկավարի քմահաճույքով որևէ մեկը չպետք է ազատվի աշխատանքից կամ ընդունվի աշխատանքի:
– Նմանատիպ գործողությունները ի՞նչ ռիսկեր են պարունակում հանրության համար, տիկի՛ն Ալեքսանյան:
– Կարող է ընդհանուր արգելք սահմանել, կարող է հավաքել ու այրել Արցախի մասին պատմող գրքերը: Մառազմատիկ է այն, որ ասում է թե Արցախի մասին խոսելը, ընդհանրապես «Արցախ» բառը պատերազմի են տանում, կամ ասում է՝ Եկեղեցին պատերազմի կուսակցություն է, Արցախի անունն է տալիս:
Հարց եմ տալիս իրեն. այդ արգելքներո՞վ ես խաղաղություն հաստատում, դու՝ ուր, խաղաղություն հաստատելը՝ ուր: Ինքը վերահաստատում է, որ Արցախը հանձնել է, ու դա եղել է իր ջանքերով, հիմա էլ ամեն ինչ անում է, որ Արցախի անունը ոչ մի կերպ, ոչ մի ձևով չհնչի: Փաստորեն, սա նաև խոստովանություն է: Ինքը հիմա բացահայտ է խոսում Արցախի դեմ պայքարի մասին, առաջին հերթին ուզում է, որ Ալիևը լսի, թե ինքն այստեղ ինչպես է պայքարում Արցախի դեմ: Ինքն ավելի է պայքարում, քան Ալիևը, սա է ուզում ցույց տալ Փաշինյանը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Փաշինյանն ուզում է, որ Ալիևը լսի, թե ինքն այստեղ ինչպես է պայքարում Արցախի դեմ, ավելին, քան Ալիևը. Ժաննա Ալեքսանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
