Ցանկացած իրեն հարգող պաշտոնյայի տղա պետք է ծառայի առաջին գծում. Գառնիկ Իսագուլյան
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը Tert.am-ի հետ զրույցում դրական գնահատեց վերջերս կառավարության կողմից ընդունած օրենսդրական նախաձեռնությունները: Խոսքը «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի մասին է:
Հարցին` արդյոք այդ ամենը նպաստո՞ւմ է, որ քաղաքացիները չխուսափեն զինծառայությունից, նա պատասխանեց, որ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրը շահագրգռված լինի ծառայել բանակում: Դիտարկմանը, թե ծառայությունից հատկապես խուսափում են պաշտոնյաների զավակները, Գառնիկ Իսագուլյանն արձագանքեց. «Ես կարծում եմ` ցանկացած պաշտոնյա, որ իրեն հարգում է, իր տղան պետք է ծառայի առաջին գծում: Հայրենասիրությունը միայն բաժակաճառերով չէ: Եթե պաշտոնյաների երեխաները, պարզվում է, ինչ-որ «հիվանդություն» ունեն, ուրեմն «հիվանդ» է նաև այդ պաշտոնյան։ Եվ պետք է մտածել` իմաստ ունի՞ պահել «հիվանդ» պաշտոնյա։ Իսկ եթե մարդն իսկապես խնդիրներ ունի, դա այլ հարց է, այդ դեպքում առողջություն բոլորին»,-ասաց Իսագուլյանը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ factor.am կայքի հրապարակումը բանակում չծառայած 48 պաշտոնյայի զավակների մասին մեծ ռեզոնանս առաջացրեց, ինչին հետևեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն նախաձեռնությունը, որով պետական պաշտոնյաների հայտարարագրերում նաև հայտարարագրվելու է հայտարարագրվողի և իր ընտանիքի անդամների՝ զինվորական ծառայությանն առնչվող տող:
Ըստ որում` պետք է նշվի ինչպես մարտական ծառայություն անցած լինելը, այնպես էլ տարկետում ունենալը:
«Կարծում եմ՝ դա շատ կարևոր է հասարակության մեջ վստահությունը և նաև հաշվետվողականությունը բարձրացնելու առումով»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը:
Գառնիկ Իսագուլյանը` ի հավելում նշեց, որ հայրենիքին ծառայելուց ավելի վեհ բան չկա:
«Ամեն մարդ պետք է մտածի, որ եթե իր որդին ծառայում է, դա փառք է իրեն։ Երբ ես գնում եմ առաջին գիծ, այնտեղ ևս բողոքներ լինում են այդ թեմայով»,- ասաց նա` նկատելով, որ եթե աղջիկները ևս հնարավորություն ունենան առայժմ կամավորության սկզբունքով ծառայելու, ապա նրանցից շատերը ցանկություն կհայտնեն: