Հյուսիսային Կորեան ցուցադրել է՝ ինչպես է «ոչնչացնում» ամերիկյան ռմբակոծիչները և ավիակիրը (տեսանյութ)
Հյուսիսային Կորեան կիրակի հրապարակել է հարձակման ենթարկված ամերիկյան ռմբակոծիչի և ավիակրի քարոզչական լուսանկարներ երկրի արևելյան ափով ամերիկյան ռմբակոծիչների թռչելուց ժամեր անց, հայտնում է «Yonhap» գործակալությունը:
Պետական քարոզչական DPRK Today կայքը հրապարակել է լուսանկար, որտեղ հյուսիսկորեական հրթիռները հարվածում են ամերիկյան B-1B ռմբակոծիչին:
Լուսանկարի հրապարակումից ժամեր առաջ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ամերիկյան օդուժի B-1B Lancer ռմբակոծիչները թռչել են Հյուսիսային Կորեայի արևելյան հատվածի ջրային տարածքի վրայով՝ հասկացնելով, որ Փհենյանին զսպելու համար Վաշինգտոնը պատրաստ է ռազմական միջամտության:
Լուսանկարը տեսանյութի մի մասն է, որտեղ երևում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը Մերիլենդում Էնդրյուս ռազմաբազայի անձնակազմի առաջ:
Այնուհետև երևում է, թե ինչպես է B-1B և F-35 ռմբակոծիչների ուղղությամբ արձակվում հյուսիսկորեական միջին հեռահարության բալիստիկ Pukguksong-2 հրթիռը, և լուսանկարում պատկերվում են երկու ռմբակոծիչները՝ համակարգչային ծրագրերով ստեղծված կրակի մեջ:
Բացի այդ տեսանյութում հյուսիսկորեական սուզանավից հրթիռը հարվածում է «Կառլ Վիլսոն» ատոմային ավիակրին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռի Յոն Հոն սեպտեմբերի 23-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում (ԳՎ) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» անվանելուց հետո, ԱՄՆ-ի հրթիռակոծումն «անխուսափելի է»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում ունեցած անդրանիկ ելույթի ժամանակ Թրամփը կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» էր անվանել ու սպառնացել անհրաժեշտության դեպքում «ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան»: