Ուկրաինայի առաջնություն. Եղիշե Մելիքյանը լքում է «Ստալը»
Կամենսկոեի «Ստալի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ լքում է ուկրաինական ակումբը,- տեղեկացնում է «Sport.ua»-ն:
«Օլիմպիկի» հետ (1:1) կայացած խաղից հետո Մելիքյանը հրաժեշտ է տվել թիմին «Футбол 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Չեմ ցանկանում արդարանալ: Որպես մարզիչ ես պետք է արդյունք ապահովեմ, իսկ մենք արդեն ութ հանդիպում անընդմեջ չենք հաղթում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահին, ով հավատաց ինձ այս ժամանակահատվածում:
«Ստալի» նախագահն ինձ հարազատ մարդ է: Չեմ ցանկանում գնալ նրա դեմ: Հուսով եմ, որ ակումբի նոր գլխավոր մարզիչը կտա արդյունք, որը ես, ցավոք, չկարողացա ապահովել: Ցանկանում եմ հանգստանալ մինչև ձմեռ»,- հայտարարել է Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնության 10 տուրից հետո «Ստալը» 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: