Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Իրաքի Քուրդիստանի հետ սահմանին
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մասշտաբային զորավարժություններ է սկսել կիրակի Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավար մարզի հետ սահմանին, որտեղ սեպտեմբերի 25-ին անկախության մասին հանրաքվե է անցկացվելու: Այդ մասին ասված է կորպուսի Sepahnews կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրանն ավելի վաղ հանդես է եկել Իրաքի քրդերի կողմից հանրաքվեի անցկացման դեմ:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանություններն Իրաքից անկախանալու մասին հանրաքվե են նշանակել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն անօրինական են անվանել:
Ինչպես հաղորդվում է, «Մուհարամ» կոդային անվանումով զորավարժությունների հիմնական փուլը սկսվել է Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանակից Արևմտյան Ադրբեջան շրջանում:
Ավելի վաղ Իրաքի Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ շրջանը չի տեղափոխի Բաղդադից անկախացման մասին հանրաքվեի ժամկետը՝ չնայած գործադրվող ճնշմանը և այն կանցկացնի նախանշված ժամկետներում՝ սեպտեմբերի 25-ին: