Ամեն անգամ, երբ լինի հարմար քաղաքական իրավիճակ, կարելի է հայտարարել հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի մասին. քաղաքագետ
ՄԱԿ-ի ամբիոնն այն հարթակն է, որտեղ պետք է հայտարարություններ արվեն այնպիսի թեմաների մասին, որոնք ծանոթ են այնտեղ նստած մարդկանց. այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին հայտարարությանն, այսպես ասաց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Նախագահն ասաց, թե ում պատճառով է հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող գործընթացը կանգ առել: Պարզ է, որ ոչ բոլորն էին հետևել այդ գործընթացին, բոլորը չէ, որ հասկանում էին, թե դա ինչպես է տեղի ունեցել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ կարելի է անգամ տասը անգամ հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները, այնքան, որքան պետք է: «Ամեն անգամ, երբ լինի հարմար կոնկրետ քաղաքական իրավիճակ, կարելի է հայտարարել հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի մասին»,- նշեց նա:
Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, արձանագրությունների հետկանչի և չեղարկման մասին հայտարարելը պարզապես կարծիքի արտահայտման ձև է, թե ինչպես է Թուրքիան վերաբերում ժամանակին իր ունեցած մտադրություններին: «Մյուս կողմից՝ պատկերացնելը, թե ինչ-որ մի պահ Հայաստանի համար Թուրքիայի նման մեծ հարևանի հետ հարաբերություններ պահպանելը ոչինչ չի նշանակի, դժվար է»,- ասաց նա: