Պետք չէ օտարերկրյա ներդրումները համադրել ներքին տնտեսությունում ներդրումների հետ, խոստացված 832 մլն-ից շուրջ 400 մլն-ն արդեն իրականացվել է. նախարար
Թեև ներդրումների մասով պատասխանատու կառույցը Ֆինանսների նախարարությունը չէ, բայց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության սպասումներին, և այն պնդմանը, որ այսօրվա դրությամբ խոստացված $832 մլն-ից շուրջ 400 մլն-ն արդեն իրականացվել է:
«Ներդրումը ներդրում է, բայց շատ դեպքերում շփոթ կա՝ արդյո՞ք դրանք պետք է համադրելի դարձնենք օտարերկրյա ներդրումների հետ: Դրանք տարբեր ցուցանիշներ են, խոսքը վերաբերում է ՀՀ ներքին տնտեսությունում կատարվող ներդրումներին, կարևոր չէ, թե որ աղբյուրից է, կարևորը ծրագրերն են, որոնք պետք է այս տարվա ընթացքում իրականացվեն»,-ասաց նա:
Նախարարը մատնացույց արեց տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը 5,5% աճ է գրանցել:
«Այսինքն՝ որևիցե ճյուղային մասով անակնկալ չունենք՝ բացառությամբ գյուղատնտեսության, որտեղ 25% անկում է նկատվել»,-ասաց նա և նշեց, որ նման տոկոսային անկման գործոնը բացատրվում է բազային էֆեկտով, այսինքն՝ անցած տարվա տնտեսական ակտիվություն գործոնով:
«Հունվար-օգոստոսը նախորդ տարի ավելի բարձր է եղել, և բնական է, որ զգացնել պետք է տար»,-ասաց նա:
Երկրորդ ուղղությունը, ըստ նրա, գներն են։
«Արդյո՞ք մեզ մոտ բերքի հետ կապված խնդիրներ եղել են, թե չէ, եթե նայում ենք, մրգի գները բարձրացել են, բանջարեղենի գները՝ անկում ապրել։ Բայց չեմ կարծում, որ այդ խնդիրները 25%-ով բարձրացնեն»,-ասաց նա և նշեց, որ եթե գներով բացատրվեր, աննախադեպ թռիչք կարձանագրվեր: