Մանկավարժական համալսարանում ՌԴ ԿԳ նախարարին դիմավորեցին հոծ բազմությամբ ու ազգագրական պարերով (տեսանյութ)
Երևանում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան, ով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպելու համար:
Համալսարանի բակում նրան դիմավորեցին հոծ բազմությամբ և ազգագրական պարերով, փողային գործիքներով:
Մինչև դասախոսների հետ հանդիպելը նախարարը մտավ լսարաններից մեկը: Նա խնդրեց իր համար հայ պոեզիա ընթերցել: Ուսանողուհիներից մեկն ընթերցեց Վահան Տերյան:
Դասախոսների հետ հանդիպելուց հետո Օ. Վասիլևային շնորհվեց Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Նա խոստովանեց, որ թեև գիտեր, որ իրեն կոչում են տալու, բայց չէր սպասում, որ դա այդքան հուզիչ կլինի իր համար: