Լազարյան ճեմարանը աշխատում է և աշխատելու է. ՌԴ ԿԳ նախարար
Մոսկվայում գործող Լազարյան ճեմարանը չի փակվում: Լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան, ով Երևանում է:
Նշենք, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասել էր, որ Մոսկվայում 2 դպրոց է փակվում, այդ թվում՝ Լազարյան ճեմարանը:
«Նման բան չկա: Մեր համաձայնությունների շրջանակներում աշխատում են հայկական դպրոցները Սանկտ Պետերբուրգում, և շարունակելու են աշխատել դպրոցները Մոսկվայում: Ցանկացած շշուկ պետք է ստուգել, հարգելի գործընկերներ: Դպրոցն աշխատում է ու աշխատելու է»,- նշեց Օլգա Վասիլևան:
Ինչ վերաբերում է ՌԴ-ից պարբերաբար հնչեցվող հայտարարություններին, որ Հայաստանում ռուսաց լեզվին պետք է տրվի պետական կարգավիճակ, ապա ՌԴ ԿԳ նախարարն ասաց, որ Հայաստանում է կրթության ու գիտության կոնկրետ հանձնարարականներ իրականացնելու համար, իսկ տվյալ հարցն այդ շրջանակներում չէ:
«Իմ այցի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի կրթության և գիտության ոլորտներում կապերի ամրապնդումն է»,- նշեց Վասիլևան:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ հավելեց, որ այցը աշխատանքային է, ամեն տարի ՌԴ են ուղարկվում հայ երիտասարդներ, և նպատակային են դառնալու հետ վերադարձի և նրանց աշխատանքի ապահովման գործառույթները: Ըստ նրա՝ առանցքային են լինելու ինժեներատեխնիկական, բնական գիտությունների հետ առնչվող ոլորտները:
Հարցին, թե ՌԴ կրթության նախարարի հետ քննարկվե՞լ է Հայաստանում ռուսաց լեզվի հայեցակարգի մշակման հարցը, Լևոն Մկրտչյանը բացասական պատասխան տվեց, ասաց, որ դա ոչ մի կապ չունի այցի հետ:
«Սա ռուսիստների հետ հանդիպում էր, մենք Հայաստանի բոլոր ռուսիստներին մեկտեղել էինք այստեղ»,- հավելեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե հայաստանյան դպրոցների դասագրքերից մեկում գրված է եղել «նեգր», ապա Լևոն Մկրտչյանն ասաց, որ տեղյակ չէ, բայց եթե նման բան կա, ապա դա անթույլատրելի է, և իրենք անպայման կհասկանան, թե ինչի մասին է խոսքը: