«Այս «Իգլային» հիմա չաքուջով խփես չի կրակի». դատարան ներկայացված իրեղեն ապացույցը Ս. Բաբայանը համարեց բնամթերք
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվեց իրեղեն ապացույցների հետազատությամբ:
Այս իսկ պատճառով դատական նիստերի դահլիճ բերվեց «Իգլա» զենիթահրթիռային համակարգի խողովակը՝ փաթեթավորված վիճակում: Գործով անցնող Սամվել Բաբայանն այս առնչությամբ հայտարարեց, որ նման պայմաններում բերվածը՝ առանց էլեկտրականության մարտկոցը, «միայն բնամթերքի մասնիկ է, ոչ թե զինամթերք»:
«Նման պայմաններում իրա պուսկավոյ մեխանիզմը բերենք միացնենք, չի կրակի: Սա հիմա տրուբա ա, հրթիռ ասվածը պիտի դուրս գա սրա միջից, էլեկտրականությունը հաղորդվի պուսկավոյ մեխանիզմով: Սրան հիմա չաքուջով խփեն, կամ չգիտեմ՝ կրակի վրա դնեն՝ չի պայթի, նույնն ա, թե նռնակ լինի՝ չեկան չլինի: Սա իրանից ոչ մի վտանգ չի ներկայացնում»,- ներկաներին բացատրեց Սամվել Բաբայանը:
Իսկ գործով անցնող ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը կատակեց՝ «Ապեր, մի քիչ ժիդկոստ լցրեք»:
Հիշեցնենք, որ այս գործով անցնում է 6 ամբաստանյալ՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը:
Ի դեպ`խողովակը մեղադրող դատախազն ուսումնասիրում էր առանց համապատասխան ձեռնոցների: Ի վերջո, Արշակ Վարդանյանը որոշեց, որ իրեղեն ապացույց խողովակը կուղարկվի նախաքննական մարմնին:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը ինչպես նախաքննական, այնպես էլ դատաքննական փուլում, իսկ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարեց. «Չիմացանք՝ էս չորս ամիս է ինչի համար ենք նստած, մեզ էլ հարցրեք՝ օրը հարմա՞ր է, թե ոչ»: