Իրաքի գյուղատնտեսության նախարարը Հայաստանին շնորհակալություն է հայտնել իրաքցի եզդիներին ցուցաբերած աջակցության համար
Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զիդան ալ-Լուհայիբին շնորհակալություն հայտնեց Հայաստանին իրաքցի եզդիներին ցուցաբերած ֆինանսական աջակցության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 25-ին Հայաստանում հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի բացմանն այս մասին ասել է հանձնաժողովի համանախագահ Զիդան ալ-Լուհայիբին:
«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին իր դիրքորոշման համար: Հայաստանն աջակցում է Իրաքին միջազգային տարբեր ատյաններում: Աջակցության օրինակ է այն, որ Հայաստանի հանրապետությունը 100.000 ԱՄՆ դոլար է հատկացրել իրաքցի եզդիներին, որոնք հալածվել էին ահաբեկիչների կողմից»,-ասել է Իրաքի հանրապետության գյուղատնտեսության նախարարը:
Զիդան ալ-Լուհայիբին արտահայտել է իր և պատվիրակության վստահությունը: «Երկու երկրներն իսկապես ունեն համագործակցության հիմք: Եվ մենք համագործակցելու ենք տարբեր ոլորտներում`այդ թվում նաև գյուղատնտեսության»,- եզրափակեց նա: