Քրդերի անկախացումից հետո ՀՀ-ի համար ամենավտանգավորն այն է, որ անջատողականության այս թափանիվը չհասնի մեր հարավային սահման. իրանագետ
Հայաստանի համար ամենավտանգավորն այն է, որ քրդերի անկախացումից հետո անջատողականության այս թափանիվը չկարողանա հավաքել այն ուժը, որպեսզի հասնի Ատրպատական՝ Հայաստանի սահման: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Ըստ նրա՝ Իրանում բնակվող սուննի քրդերի մոտ անջատողական տրամադրություններ կան։ Թեև դրանք այժմ լուսանցքում են, բայց չի բացառվում, որ քրդական անկախ պետության պարագայում այդ ուժերն ակտիվանան. «Այդ ուժերի ակտիվացումը կարող է անջատողական տրամադրությունները քրդաբնակ տարածքներից փոխանցել դեպի Ատրպատական, իսկ դա Հայաստանի Հանրապետության անմիջական սահմանին է և ունի թյուրքալեզու բնակչություն: Սա վտանգելու է մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարավային ուղին»,- նշեց Վարդան Ոսկանյանը:
- Իրաքի Քրդստանի տարածքում անկախության հանրաքվե է անցկացվում, որին զուգահեռ թուրքական և իրանական բանակները զորավարժություններ են սկսել Իրաքի Քրդստանի հետ սահմանին: Թուրքիան և Իրանը մշտապես հակառակ դիրքորոշումներ են ունեցել տարածաշրջանային հարցերում, ո՞րն է պատճառը, որ այժմ երկուսն էլ դեմ են արտահայտվում անկախության հանրաքվեին: Հնարավո՞ր է, որ Թուրքիայի կամ Իրանի կողմից նոր պատերազմ հայտարարվի Իրաքյան Քրդստանի դեմ, եթե քրդերը հանրաքվեին կողմ քվեարկեն:
-Ըստ էության, Մերձավոր Արևելքում լարվածության որոշակի աճ կլինի, բայց չեմ կարծում, որ բանը հասնի Իրաքի տարածք զորքերի մուտքին: Մի կարևոր հանգամանք կա. առանց այդ էլ Իրաքի տարածքում թե՛ իրանական, թե՛ թուրքական ռազմական ներկայություն կա: Իրանը զգալի աջակցություն է տրամադրում թե՛ մարդուժի, թե՛ սպառազինության առումով` հատկապես շիայական աշխարհազորին: Ընդհանուր առմամբ, թե՛ իրանական, թե՛ թուրքական դիրքորոշումները Քրդստանի անկախության հանրաքվեին միանշանակորեն դեմ են, և, կարծես, ժամանակավոր համաձայնություն կա նրանց միջև, որովհետև երկու երկրներն էլ սեփական տարածքում ունեն քրդական խնդիր: Այս առումով, Իրանի շահերի տեսանկյունից համար մեկ խնդիրը Իսրայելի օժանդակությունն է Քրդստանի տարածաշրջանային կառավարությանը և Քրդստանի անկախության գործընթացին ընդհանրապես: Իսրայելը դա անում է ոչ թե ելնելով քուրդ ժողովրդի շահերից, այլ ակնհայտորեն հետապնդում է սեփական պետության շահը: Իսրայելի հիմնական նպատակն է Իրանի սահմանների երկայնքով փաստացի երկրորդ իսրայելամետ քաղաքական միավորի ստեղծումը: Առաջինը՝ Ադրբեջանի հանրապետությունն է, և հասկանալի է, որ Քրդստանին աջակցությունը նույնպես ուղղված է Իրանի դեմ:
- Նշեցիք, որ բացի Իրաքից, Թուրքիայում և Իրանում նույնպես քրդական խնդիր կա, ինչպես նաև քրդական շրջան կա Սիրիայում: Այս բոլոր քրդական շրջանների միավորումը, Մեծ Քրդստանի ձևավորումը որքանո՞վ եք հավանական համարում: Սա նաև վերաբերում Թուրքիայի հանրապետությունում հայկական հողերի վրա քրդերի անկախացմանը:
- Մեծ Քրդստանի ստեղծման ռիսկեր այսուհանդերձ կան: Իրաքի տարածքում քրդական ղեկավարությունը հայտարարում է, որ իրենց նպատակը սահմանափակվում է բացառապես ներկայիս Քրդստանի ինքնավարության սահմաններով և, այսպես կոչված, վիճելի տարածքներով: Բայց ակնհայտ է, որ անկախ քրդական պետության գոյությունը կարող է քրդաբնակ շրջանների ակտիվացման լուրջ խթան դառնալ թե՛ Արևմտյան Հայաստանի տարածքներում, թե՛ Իրանի տարածքում: Այստեղ չափազանց բարդ է լինելու միանշանակորեն գնահատել մեր շահերը: Եթե Թուրքիայի զբաղվածության ավելացումը քրդական հարցով բխում է մեր շահերից, որովհետև ավելի շատ ռեսուրսներ և միջոցներ է ծախսելու այս խնդիրը կարգավորելու համար, ապա դեպի Իրան գործընթացի տարածումը, չի բխում մեր շահերից: Դա վտանգելու է մեր հարավային ուղին, ինչը մեզ համար ունի կենսական նշանակություն: Պետք է նշեմ, որ քրդական բնակչություն ունեցող տարբեր երկրներում տարբեր իրավիճակներ են: Ամենաբարվոք իրավիճակն Իրանում է, նրանք կարողանում են կառավարել բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են քրդաբնակ շրջաններում: Մի կարևոր հանգամանք էլ պետք է հաշվի առնել. Իրանում բնակվող սուննի քրդերի մոտ անջատողական տրամադրություններ կան: Թեև դրանք այժմ լուսանցքում են, բայց չի բացառվում քրդական անկախ պետության պարագայում այդ ուժերը ակտիվանան: Այդ ուժերի ակտիվացումը կարող են անջատողական տրամադրությունները քրդաբնակ տարածքներից փոխանցել դեպի Ատրպատական, իսկ դա Հայաստանի Հանրապետության անմիջական սահմանին է և ունի թյուրքալեզու բնակչություն: Բաքվի քարոզչամեքենայի ջանքերով այդ բնակչության որոշակի խավերում նույնպես կան անջատողական ձգտումներ: Հետևաբար` Հայաստանի շահերի տեսանկյունից, իմ կարծիքով, համար մեկ վտանգն այն է, որ անջատողականության այս թափանիվը չկարողանա հավաքել այն ուժը, որպեսզի հասնի Ատրպատական՝ Հայաստանի սահման: