Մի գիշեր շատ անսպասելի կարող ենք գալ. Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քուրդիստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քուրդիստանին՝ հայտարարելով, որ մի գիշեր կարող են անսպասելի խուժել երկրի տարածք, այս մասին գրում է թուրքական «Յենիչաղ» պարբերականը:
Էրդողանը հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները ոչ թե տեղի ժողովրդի անվտանգության ու իրավունքների հետ կապված խնդիրներն են լուծում այս հանրաքվեով, այլ, առիթից օգտվելով, իրենց անձնական շահերը հետապնդում: Թուրքիայի առաջնորդը պնդել է, որ «ամենածանր պահին» իրաքցի քրդերի կողքին միայն Թուրքիան է եղել:
«Իրաքի սահմանին՝ Սիլոփիի կողմից մեր ԶՈւ-ն զուր չէ քայլեր սկսել ձեռնարկել: Այս պահին Իրանն էլ է նույն վիճակում: Այս շաբաթվա մեջ էլ կձեռնարկենք մեր մյուս քայլերը: Իրաքյան Քուրդիստան մուտքն ու ելքը կփակվի: Դրանից հետո տեսնենք՝ ինչպես, ինչ ուղիներով են նավթ արտահանելու ու վաճառելու: Երբ մենք փակենք ճանապարհը՝ այս գործը հենց այդտեղ կվերջանա: Մենք երբեք թույլ չենք տա մեր սահմանին ահաբեկչական պատի ձևավորում, սա նրանց համար զուտ երազանք էլ կմնա, մենք երբեք թույլ չենք տա դա: Մի գիշեր շատ անսպասելի կարող ենք գալ, կգանք», - ասել է Թուրքիայի նախագահը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ այսօր Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվե է, որին մասնակցելու իրավունք ունի 5 մլն 200 հազ. ընտրող: Նշենք, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել էին հետաձգել հանրաքվեն: Նա, սակայն, հայտարարել էր, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան չառաջարեն այլընտրանք: Բարզանին սեպտեմբերի 14-ին հայտնել է, որ ստացել է նման այլընտրանք Արևմուտքի մի շարք երկրներից, բայց հանրաքվեի անցկացման հարցերով բարձրագույն հանձնաժողովն ավելի ուշ մերժել է առաջարկը: