Եթե իշխանությունն ադեկվատ լինի, կարող է օգուտ քաղել ԵԱՏՄ-ից դուրս գալու մեր նախաձեռնությունից. Էդմոն Մարուքյան
Իշխանությունները միշտ էլ փորձում են պառակտել ընդդիմադիր որևէ ուժի, որը հնարավորություն ունի ռեսուրսներ կենտրոնացնելու և ուժեղանալու, նորություն չէ, միշտ էլ փորձել են ձևավորվող բևեռները պառակտել: Այսպիսի տեսակետ է հայտնել ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն Արմենիա հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում՝ անդրադառնալով «ԵԼՔ» դաշինքի պառակտվելու մասին խոսակցություններին:
Նրա խոսքով՝ երբ քննարկվում էր ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով աշխատելու արգելքի հարցը, այդ ժամանակ իրեն հարցնում էին՝ հիմա Դուք պահանջում եք, որ ԵԱՏՄ համաձայնագիրը կյանքի՞ կոչվի, նամակ եք գրել ԵԱՏՄ ղեկավար Տիգրան Սարգսյանին, բա որ չաշխատի՞:
«Եթե չաշխատի պայմանագիրը, ուրեմն մենք պետք է պրոցես սկսենք, Հայաստան պետությունը պրոցես սկսի, որ դուրս գա, որովհետև մենք չենք ցանկանում մնալ մի կազմակերպությունում, սահմանափակել մեզ, դրա հետ մեկտեղ վնասներ կրել»,-ասաց նա:
«ԵԼՔ»-ի պատգամավորը պատմել է, որ դրանից հետո Արամ Զավենի Սարգսյանն էլ իր հարցազրույցներից մեկում ասել է, որ իրենց կուսակցությունն այդ գծի մեջ է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը քաղաքական մեծ սխալ է: Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել է բոլոր լրատվամիջոցներին, որ մինչև սեպտեմբեր հարցազրույց չի տա:
«Այն, որ դաշինքը նախաձեռնությամբ է հանդես եկել, սիգնալ է, որ ոչ մի հակասություն չկա: Կա նախագիծ, բոլորս ենք այդ նախագծի տակ ստորագրել, կա պրոցես, պրոցեսին բոլորս ենք մասնակցում: Պրոցես սկսելու նախագծի զեկուցողը ես եմ, մշտական հանձնաժողով ստեղծելու զեկուցողը Նիկոլ Փաշինյանն է, մի ուրիշ առիթով կլինի Արամ Զավենի Սարգսյանը, բոլորս մասնակցում ենք, բոլորս պրոցեսի մաս ենք»,-պարզաբանել է Էդմոն Մարուքյանը:
Նրա դիտարկմամբ՝ ցանկացած բան, որ իրենք նախաձեռնում են կամ նախկինում էլ ընդդիմադիր ուժերը փորձել են անել, մյուս ուժերը, ինչ-որ էքսպերտներ, մարդիկ փորձում են սևացնել: Կապ չունի՝ լավն է, վատն է, եթե իրենք հնարավորություն չեն ունեցել անել դա, ընդդիմադիրներն անում են, ուրեմն այդ ընդդիմադիրները վատն են:
«ՄԱԿ-ի ամբիոնից երբևէ ԵԱՏՄ-ի մասին ոչինչ չի խոսվել, Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից գովում է ԵԱՏՄ-ն, Ռուսաստանին մեսիջ է տալիս, որ մենք կկանխենք այս ԵԱՏՄ-ից դուրս գալու պրոցեսը: Պետության շահերը պետք է տարանջատել իշխանության շահերից: Պետության շահերից է բխում մեր նախաձեռնությունը, կլինի՞ ադեկվատ իշխանություն, այդ ադեկվատ իշխանությունը կարող է օգուտ քաղել»,-նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը:
Ըստ նրա՝ ցանկացած երկրում ընդդիմադիր բևեռը փոխզսպում և հակակշռում է իշխանական բևեռին. «Եվ եթե իշխանական բևեռը որևէ հատվածում, որևէ իրավիճակում կաշկանդված է, նա կարող է օգտագործել ընդդիմության փաստարկները, թե տեսե՛ք՝ մեզ մոտ նման քննարկում կա, նման ուղղություն կա, այ, այդ բաները չանեք, այս ուղղությունը կարող է զարգանալ, իսկ եթե այս ուղղությունը զարգանա, ձեզ համար կարող է վատ լինել»: