Իրաքյան Քուրդիստանի հետ օդային ու ցամաքային սահմանը փակելու համար Թուրքիան մոտ ապագայում վճռական քայլեր կձեռնարկի. երկրի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան Իրաքյան Քուրդիստանի հետ կապված ցանկացած հարցի շուրջ այժմ կապ է հաստատելու միայն պաշտոնական Բաղդադի հետ, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:
«Մեր գործընկերը միայն Բաղդադն է լինելու: Այժմ պատերազմի չենք գնում, մեր քաղաքացիները թող հանգիստ լինեն, ռազմավարական կարևորության գործողություններ ենք իրականացնում սահմանի վրա», - մանրամասնել է Յըլդըրըմը՝ հավելելով, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների համառությունը հիմք է նախապատրաստում թեժ բախումների համար:
Նա նաև հավելել է, որ Իրաքյան Քուրդիստանի հետ օդային ու ցամաքային սահմանը փակելու համար Թուրքիան մոտ ապագայում վճռական քայլեր կձեռնարկի:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ այսօր Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվե է, որին մասնակցելու իրավունք ունի 5 մլն 200 հազ. ընտրող: Նշենք, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել էին հետաձգել հանրաքվեն: Նա, սակայն, հայտարարել էր, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան չառաջարեն այլընտրանք: Բարզանին սեպտեմբերի 14-ին հայտնել է, որ ստացել է նման այլընտրանք Արևմուտքի մի շարք երկրներից, բայց հանրաքվեի անցկացման հարցերով բարձրագույն հանձնաժողովն ավելի ուշ մերժել է առաջարկը: