«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդները խոստացել են որս սկսել Մերկելի դեմ
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը` Ալեքսանդեր Գաուլանդը, խոստացել է «որս անել» Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ: Այս մասին հայտնում է Bild-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գաուլանդը ելույթ է ունեցել իր կողմնակիցների դիմաց Բունդեսթագի ընտրությունների նախնական արդյունքների հայտարարությունից հետո:
«Մենք կվերադարձնենք մեր երկիրը և մեր ժողովրդին», - ասել է նա:
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ընտրացուցակի երկրորդ համարը՝ Ալիս Վայդելը, ավելացրել է, որ ինքը մտադիր է Բունդեսթագում հետաքննություն նախաձեռնել Մերկելի հանդեպ:
«Պետք է հստակ զբաղվել օրինախախտումներով, որոնք թույլ է տվել այդ տիկինը», - ասել է Վայդելը:
Հիշեցնենք, որ Գերմանական կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը զբաղեցրել է առաջատար դիրք՝ 33 տոկոս ձայնով, դա վատագույն արդյունքն է 1949 թվականից ի վեր: Մարտին Շուլցի գլխավորած Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 20,5 տոկոս ձայն՝ նույնպես գրանցելով պատմության ընթացքում վատագույն արդյունքը: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է 13 տոկոս ձայն, ինչը թույլ կտա նրան զբաղեցնել նոր խորհրդարանի 709 տեղից 94-ը: