Իրաքյան Քուրդիստանում ավարտվել է անկախության մասին հանրաքվեն
Իրաքյան Քուրդիստանում ավարտվել է անկախության մասին հանրաքվեն, որն անցել է ոգևորության մթնոլորտում: Նախնական տվյալների համաձայն՝ հանրաքվեին մասնակցել է ընտրողների 76 տոկոսը:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ պաշտոնապես ընտրական տեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 19:00-ին, սակայն հերթերում կանգնած ընտրողներին հնարավորություն են տվել քվեարկել ընտրատեղամասերի պաշտոնական փակումից հետո:
Գործակալության թղթակցի խոսքով՝ Քուրդիստանի քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ տոնելով հանրաքվեի ավարտը:
Մասնավորապես, Էրբիլի կենտրոնում բազմաթիվ բնակիչներ ազգային երաժշտություն են միացնում և պարում: Ավտոմեքենաները զարդարված են քրդական դրոշներով, քարոզչական պաստառներով և նախագահ Մասուդ Բարզանիի դիմանկարներով:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ այսօր Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվե է, որին մասնակցելու իրավունք ունի 5 մլն 200 հազ. ընտրող: Նշենք, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել էին հետաձգել հանրաքվեն: Նա, սակայն, հայտարարել էր, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան այլընտրանք չառաջարկեն : Բարզանին սեպտեմբերի 14-ին հայտնել է, որ ստացել է նման այլընտրանք Արևմուտքի մի շարք երկրներից, բայց հանրաքվեի անցկացման հարցերով բարձրագույն հանձնաժողովն ավելի ուշ մերժել է առաջարկը: