Կառավարությունը մերժեց մեղադրյալի հարցաքննությունը տեսաձայնագրելու վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի նախագիծը
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագիծը:
Փոփոխությունների առաջարկը ներկայացրել էին Ծառուկյան դաշինքից Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը և Միքայել Մելքումյանը: Դավիթ Հարությունյանը նշեց, որ հիմնական առաջարկվող փոփոխությունն այն է, որ մեղադրյալի հարցաքննությունը պետք է տեսաձայնագրվի:
«Գաղափարը հասկանալի է, և մենք կարծում ենք, որ այդ ուղղությամբ պետք է շարժվենք: Սակայն օրենքում անհրաժեշտ է կարգավորել բազում հարցեր, որոնք ընդհանրապես կարգավորված չեն, և եթե դրանք կարգավորված չեն, այս ձևով օրենքի ընդունումն ավելի շատ վնաս կբերի, քան թե օգուտ»,-ասաց նա և նշեց, որ տեսաձայնագրումը չի կարող լինել առանց մեղադրյալի համաձայնությունը ստանալու, պետք է տեխնիկապես ապահովված լինի, սահմանվի`թղթային արձանագրությունը պահպանվելու է, թե ոչ:
«Մի շարք այլ հարցեր կան, թե երբ պետք է ինստիտուտը ներդրվի, ինչպիսի ուսուցում պետք է անցնեն անձինք և այլն: Բոլոր երկրները, որ գնացել են այս ճանապարհով, այդ հարցերին պատասխան տվել են: Այս տեսանկյունից, կարծում եմ, այս օրենքը ընդունելի չէ»,-ասաց նա: