Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մի խումբ շահառուներ ակցիայի էին դուրս եկել. ԱՆ-ից պահանջում են չդադարեցնել արտահիվանդանոցային բուժման ծրագիրը (տեսանյութ)
Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մի խումբ շահառուներ այսօր Կառավարության շենքի առջև էին հավաքվել՝ բողոքի ակցիա իրականացնելու: Նրանք պահանջում էին Կառավարությունից և, մասնավորապես, Առողջապահության նախարարությունից շարունակել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողների արտահիվանդանոցային բուժման ծրագիրը, որը փետրվարի 21-ին ավարտվել է, և նախարարությունը որոշել է այն 2017 թվականին չշարունակել:
«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Թուխիկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու տարի շարունակ գործել է ծրագիրը և հիմա Առողջապահության նախարարության կողմից «մեկ գրչի թեթև հարվածով դադարեցվել է»: Թուխիկյանը նշեց, թե Առողջապահության նախարարության պարզաբանմամբ՝ բյուջեի կրճատում է եղել:
«Ի՞նչ է ստացվում՝ Կառավարությունը ժողովրդի առողջության հաշվին բյուջեի կրճատում է անում, չգիտեմ`որքանով է մարդասիրական այս մարդկանց առողջությունը կորցնելը: Պարզաբանել են, որ կան հիվանդություններ, որոնց էլ պետք է այդ գումարներն ուղղվեն: Ի՞նչ է, հիվանդությունը հիվանդության հետ համեմատել կարելի՞ է»,-նշեց նա:
Կարինե Թուխիկյանը պարզաբանեց, որ նախկինում հիվանդներին անվճար հատկացրել են «Զիպրեկս» դեղ և դրանով արտահիվանդանոցային բուժման ծրագիր սկսել: ՀԿ ղեկավարը պնդեց, որ ծրագրի արդյունավետությունն ակնհայտ էր, քանի որ, ըստ նրա, այդ հիվանդներն ինտեգրվել էին հասարակությանը: Այս ծրագրի 300 շահառուների բուժման համար` որպես այլընտրանք, առաջարկել են հայկական արտադրության օլանզապին, ինչից հիվանդները դժգոհ են:
«Կան հիվանդներ, ովքեր դեղորայքի չընդունման հետևանքով Նորք հոգեբուժական կլինիկա են դիմել: Արդեն 2-3 հոգի պառկած է այդ խայտառակ հոգեբուժարանում, էլ չեմ ասում, որ կան մարդիկ, որ վախենում են հայտնվել այդ շեմին»,-ասաց նա:
Հիվանդներից Գուրգեն Ավետյանը նշեց, որ իսպանական արտադրության «Զիպրեկս» դեղը շատ արդյունավետ էր: «Հա՛մ մտավոր աշխատանքն էր լավացնում, հա՛մ սովորում էի արհեստ: Հիմա հայկական դեղ եմ ստանում, անորակ է, ինչի են արտադրել` չեմ հասկանում: 10 տարի «Զիպրեկս» եմ ստացել, սովորել եմ, ուզեցել եմ ինչ-որ բաների ձգտեմ, հիմա տարբերվում է իմ ընկալումը, տրամադրությունը, հարց տան, չեմ կարողանում կենտրոնանալ»,-ասաց նա և նշեց, որ դեղը բավական թանկ է:
Մանրամասները` տեսանյութում: